Կարևոր իրադարձություններ

«Փաշինյանը հայտնվել է օրակարգային վակուումի մեջ»

04 Փետրվար, 2019 21:24
Հեղինակ՝ Արթուր Ղազինյան
«Փաշինյանը հայտնվել է օրակարգային վակուումի մեջ»

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը, զինանշանն ու դրոշը փոխելու հարցը։ Այս հարցերը օրակարգ էին բերվել իշխանության կողմից՝ առանց որևէ կոնկրետ հիմնավորման կամ բացատրության։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:  

«Հաշվի առնելով այս հարցերի կեղծ և արհեստական օրակարգային բնույթը՝ տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում կա՛մ զբաղեցնել պարապ մնացած ֆեյսբուքահայությանը, կա՛մ էլ շեղել նրանց ուշադրությունը իշխանության համար առավել մեծ վտանգ ներկայացնող խնդիրներից։

Իսկ ի՞նչ խնդիրներից է շեղում իշխանությունը հանրության ուշադրությունը և ինչո՞ւմ է այդ խնդիրների վտանգն իշխանության համար:

Այս հարցերի պատասխաններն ընկած են ժողովրդական լայն զանգվածների կողմից, Փաշինյանի և մնացածի առաջնորդությամբ տեղի ունեցած իշխանափոխության ակունքներում։ Այդ ամբողջ գործընթացը զուրկ էր որևէ գաղափարախոսությունից և բացառապես հիմնված էր նախկին իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրության մեջ կուտակված աննախադեպ հակակրանքի վրա։

Հանրության կողմից Փաշինյանին և մնացածին տված բարձր վարկանիշը հիմնված էր և մինչ օրս շարունակում է հիմնված մնալ բացառապես ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, քանի որ իշխանության գալուց մինչ օրս Փաշինյանին չի հաջողվել օրակարգ բերել կենսական նշանակություն ունեցող գեթ մեկ հարց։

Եվ դա պատահական չէ, այլ ամբողջովին տեղավորվում է իշխանափոխության «օրակարգի և գաղափարախոսության» տրամաբանության, իսկ ավելի ճիշտ դրա տոտալ բացակայության մեջ։

Նախկին իշխանությունների մեկուսացումից հետո Փաշինյանը հայտնվել է օրակարգային վակուումի մեջ, ինչը նշանակում է, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է պետք անել, չգիտի, թե այդ ինչը ինչպես և երբ է պետք անել։

Արդյունքում հանրությանը նետվում է օրհներգի, դրոշի և զինանշանների փոփոխության «սարկազմիկ», իրականում գոյություն չունեցող օրակարգը։

Սպասում եմ, թե երբ է հայտնի հեքիաթի տղան հայտնվելու ու բղավի «Թագավորը մերկ է» և երբ կբացվեն մարդկանց աչքերը և նրանք կտեսնեն «թագավորի» գաղափարական ու օրակարգային մերկությունը»,- գրել է Ղազինյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին