Կարևոր իրադարձություններ

Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքն այլընտրանք կլինի Լարսի անցակետին

04 Փետրվար, 2019 18:28
Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքն այլընտրանք կլինի Լարսի անցակետին

Մոսկվան և Թբիլիսին ավարտին են հասցրել 2011թ. ստորագրված «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները: Այս մասին հայտնի է դարձել «Коммерсант» պարբերականին:

Համաձայնագիրը թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն առևտրի և տարանցման համար:

Համաձայնագիրը ստորագրվել էր 2011թ. նոյեմբերի 9-ին, դա փաստաթղթերի փաթեթի մի մասն էր, որը կնքվել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության գործընթացների ժամանակ:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է դարձել 2012թ., սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային 3 միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել, Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել դրա իրականացման համար: Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ համաձայնագրի մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան:

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Коммерсант»-ին վստահեցրել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: Նրա խոսքով՝ վրացական կողմը հույս ունի սկսել փաստաթղթի իրականացումը:

Պարբերականը նշում է, որ այդ հարցում շահագրգիռ է նաև Հայաստանը: «Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքն այլընտրանք կլինի Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ փակվում է ձյան պատճառով»,- գրում է պարբերականը:

Այն մասին, Երևանը կշահի ռուս-վրացական մեխանիզմի իրականացումից, պարբերականի հետ զրույցում ասել է նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Հայաստանի խնդրանքն իսկապես կա»,- հայտնել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին