Կարևոր իրադարձություններ

Հայաստանի բանկերի միությունը անդրադարձել է բանկերի վրա ավազակային հարձակումների դեպքերին

04 Փետրվար, 2019 18:09
Հայաստանի բանկերի միությունը անդրադարձել է բանկերի վրա ավազակային հարձակումների դեպքերին

Հայաստանի բանկերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով բանկերի վրա ավազակային հարձակումների գործելու դեպքերին: Միության հանրային կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ բանկոմատների գազով պայթեցման, տեղափոխման, լազերով կամ ուժային գործիքներով վնասման ցանկացած փորձ կձախողվի՝ դրանով իսկ հանցագործության կատարումը դարձնելով անիմաստ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին տարիներին ականատեսը եղանք բանկերի վրա ավազակային հարձակումներ կատարելու տարբեր միջադեպերի:

Այս արատավոր երևույթը ժամանակ առ ժամանակ հիշեցնել է տալիս իրեն ու բացասական ազդակներ հաղորդում մեր հասարակության խաղաղ կենսագործունեությանը:

Նկատի ունենալով խիստ դատապարտելի այդ արարքների հանրային հնչեղությունը՝ ցանկանում ենք փաստել, որ Հայաստանի բոլոր բանկերում առկա են անվտանգության ժամանակակից համակարգեր, իրականացվում է համակողմանի պահպանություն, ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հնարավոր միջադեպերը կանխարգելելու, իսկ միջադեպերի դեպքում՝ հնարավոր հանցագործներին անմիջապես վնասազերծելու ուղղությամբ:

Հավելենք նաև, որ մինչ այժմ իրականացված նմանատիպ հանցագործությունների բոլոր դեպքերը բացահայտվել են:

Հայաստանի բանկային համակարգում պահպանության ամրապնդման և անվտանգության ապահովման նպատակով պարբերաբար ներդրվում են նորարարական տեխնոլոգիաներ. մասնավորապես, ՀՀ տարածքում թղթադրամների հափշտակումը կանխելու և բանկոմատների անվտանգությունն ապահովելու նպատակով բանկոմատները համալրվել են թղթադրամների ներկման համակարգերով: Այդ համակարգերը համարվում են ժամանակակից արդյունավետ միջոցներից մեկը, որոնք բանկոմատների վրա ցանկացած հարձակման փորձի դեպքում անհրաժեշտ պահին գունաներկում են բանկոմատում առկա բոլոր թղթադրամները չմաքրվող թանաքով՝ դրանով իսկ անհնար դարձնելով թղթադրամների հետագա օգտագործումը:

Անվտանգության նշված համակարգերը երաշխավորում են, որ բանկոմատի մեջ գազի, ջրի, ցանկացած այլ նյութի մղման դեպքում հատուկ ներկանյութը անմիջապես կներկի բոլոր թղթադրամները, ընդ որում՝ յուրաքանչյուր թղթադրամի մակերեսի առնվազն 20%-ը: Այլ կերպ ասած՝ բանկոմատների գազով պայթեցման, տեղափոխման, լազերով կամ ուժային գործիքներով վնասման ցանկացած փորձ կձախողվի՝ դրանով իսկ հանցագործության կատարումը դարձնելով անիմաստ: Ընդ որում, այս ամենը ապահովում են համակարգերում այնպիսի ցուցիչների առկայությունը, ինչպիսիք են լույսի, ջերմաստիճանի, սեյսմիկության, 3G, դռան անօրինական բացման, բանկոմատների թեքման և այլն:

Բանկոմատներում տեղադրված ներկման համակարգերի առավելությունը կայանում է նաև նրանում, որ համատեղելի են պոլիմերային և կիսապոլիմերային թղթադրամների հետ:

Միաժամանակ պետք է ընդգծել, որ այս համակարգի արդյունավետությունն արդեն իսկ նկատվել է, քանի որ ձախողվել են բանկոմատների հափշտակության մի քանի դեպքեր:

Այս ամենով հանդերձ անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ բանկերի անվտանգության համակարգերի ներկայիս վերազինման պարագայում նմանատիպ յուրաքանչյուր փորձ ունենալու է անփառունակ վախճան՝ իր բոլոր իրավական հետևանքներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին