Կարևոր իրադարձություններ

Մերկելն Ալիևի համար ղարաբաղյան անակնկա՞լ է պատրաստում

04 Փետրվար, 2019 14:09
Մերկելն Ալիևի համար ղարաբաղյան անակնկա՞լ է պատրաստում

«Ռեգնում» կայքի սյունակագիր, հայտնի հրապարակախոս, քաղաքագետ, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ծավալուն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցին ու դրա շրջանակում երկրի ղեկավարության հետ անցկացրած բանակցություններին:

«Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը բավականին հագեցած էր ու լավ մշակված»,- գրում է վերլուծաբանը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետը գերմանական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ակնհայտ ջանքեր է գործադրել Հայաստանն Անդրկովկասում որպես ներքին լուրջ փոփոխությունների ուղի բռնած ժողովրդավարական պետություն ներկայացնելու ուղղությամբ:

Փաշինյանի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսին անդրադառնալով՝ Տարասովը հիշեցնում է, որ կանցլերը դեկտեմբերին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններն անվանել է «ժողովրդավարական» ու խոստացել նոր իշխանություններին միայն տնտեսական օգնությամբ չսահմանափակվել:

«Հենց այս համատեքստում էլ Փաշինյանը սկսեց ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը, համաձայն որի՝ ԼՂ հիմնախնդրի լուծումը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը կարող են ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ջանքերի արդյունք լինել»,-գրում է Տարասովը՝ մեջբերելով Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը բանակցում է Հայաստանի ժողովրդի անունից, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի բնակիչների, որոնք իրեն այդպիսի մանդատ չեն տվել:

Ինչ վերաբերում է Մերկելի ելույթի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հատվածին, ապա կանցլերը գովել է ՀՀ վարչապետին՝ այդ ուղղությամբ նրա քայլերը որակելով «խիզախ» և ընդգծելով, որ «խնդրի լուծումն անհնար կլինի այն դեպքում, եթե բարի կամք դրսևորի կողմերից միայն մեկը»:

Մերկելն ընդգծել է, որ նման իրավիճակում գործն առաջ չի գնա:

«Փաշինյանն իր հերթին Գերմանիայում Մերկելի վրա «բարդեց» հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարվող նոր քաղաքականության տարրերը, որոնցից մեկը Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է: Իսկ ինչո՞ւ հենց Բեռլինում: Մեր կարծիքով՝ բանն այն է, որ այդ ուղղությամբ Բաքուն չի կարող գազային քարտեզն օգտագործել ըստ իր շահերի»,-գրում է Տարասովը՝ մանրամասնելով, որ Գերմանիան ադրբեջանական գազից կախում չունի:

Հեղինակը նաև ուշագրավ է համարում այն փաստը, որ Բեռլինն Ադրբեջանի նկատմամբ բանեցնում է «ժողովրդավարության խաղաքարտը» և, ինչպես հիմա է պարզվում, կարող է ի շահ սեփական նպատակների օգտագործել նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Ակնհայտ է, որ Փաշինյանը հզոր աջակցություն ստանալու հաշվարկով «խաղադրույք» է արել Բեռլինի վրա»,-եզրակացնում է վերլուծաբանը:

Միևնույն ժամանակ հեղինակը որոշակի վտանգ է տեսնում Փաշինյանի կողմից ակտիվ բարձրաձայնվող այն թեզում, համաձայն որի՝ ինքը չի կարող ԼՂ անունից բանակցել:

«Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ դա կարող է վերջին ամիսներին Երևանի և Բաքվի միջև հաստատված բանակցային «ստատուս քվոյի» կարգավիճակի փլուզմանը տանող առաջին քայլը լինել: Չի բացառվում, որ դա կհանգեցնի շփման գծում լարվածության նվազման հարցում էական դերակատարում ունեցած և, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններին փոխարինելու եկած «Դուշանբեի ոգու» վերացմանը: Ի՞նչ կլինի հաջորդիվ ու արդյո՞ք Փաշինյանի «ղարաբաղյան բանաձևը» արդեն զարգացում կստանա Գերմանիայի, կամ էլ ամբողջ ԵՄ-ի մասնակցությամբ: Ինչո՞ւ Բեռլինը չի խուսափում Բաքվի հետ հարաբերությունների սրացումից ու չի տեսնում  հակամարտության գոտում իրավիճակի հավանական սրացման ռիսկեր:

Բեռլինը մինչ այս ի դեմս Հայաստանի չէր տեսնում Անդրկովկասի գլխավոր կենտրոնը, այն Երևանի համար որևէ առանձնահատուկ օրակարգ չուներ: Տպավորություն էր ստեղծվում, որ Գերմանիան Անդրկովկասը դիտարկում է որպես միասնական տարածաշրջան: Մինչդեռ հիմա տարածաշրջանում Գերմանիայի քաղաքականության կոնֆիգուրացիան փոխվում է: Տեսնես՝ ո՞ւր է դա տանում ու արդյո՞ք արժե սպասել Փաշինյանի և Մերկելի նոր հայտարարություններին»,-եզրափակում է Տարասովը:

 

Լրահոս

Դիտել ավելին