Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզն ու հոգեբուժարանը տեղակայված են նույն շենքում. ծնողներն ահազանգում են

04 Փետրվար, 2019 15:07
Մանկապարտեզն ու հոգեբուժարանը տեղակայված են նույն շենքում. ծնողներն ահազանգում են

Երևանի Արաբկիր համայնքի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ բողոքներ են ներկայացրել, որ իրենց թաղամասում՝ «Կորեայի ձոր»-ում գործող մանկապարտեզը տեղակայված է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում: Երեխաներն ու հիվանդները երբեմն նույնիսկ շփվում են իրար հետ։

Արաբկիրի թաղապետարանից shabat.am լրատվականի հետ զրույցում հայտնեցին, որ լուրերը համապատասխանում են իրականությանը:

«Հստակ չգիտենք, թե ինչպես է տեղի ունեցել հոգեկան առողջության կենտրոնը՝ մանկապարտեզի շենքում տեղակայելու գործընթացը: Հայտնի է, որ շենքը պատկանում է Սոցիալական հարցերի և  աշխատանքի նախարարությանը»:

Թաղապետարանից հայտնեցին, որ հոգեկան առողջության կենտրոնը մանկապարտեզից  առանձնացվել  է պատով: Հաստատությունների մուտքերը  առանձին են:

«Տեսականորեն շփում չի կարող լինել հոգեբուժարանի և մանկապարտեզի միջև: Մինչ այս նամակը բողոք չենք ստացել թաղապետարան»:

shabat.am լրատվականը կապ հաստատեց նաև Երևանի N34 մանկապարտեզի տնօրինության հետ :

Մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը հայտնեց, որ մինչ այդ ծնողների կողմից բողոքներ չեն եղել. «Երբ որոշվեց մանկապարտեզի շենքում տեղակայել հոգեկան առողջության կենտրոնը բոլորիս համար անակնկալ էր: Այս ժամանակ ծնողները դիմում-բողոքներ գրեցին քաղաքապետարան՝ գոնե պատով անջատելու այս երկու հաստատությունները: Պարսպապատումը երկկողմանիորեն եղավ»:

Մանկապարտեզի տնօրինությունը չի կարողանում հասկանալ՝ ինչու հենց հիմա առաջ քաշվեց այս խնդիրը, և սկսվեցին խոսակցությունները:

«Կարծես սովորել էինք երկուստեք: «Ձորակ»  հոգեկան առողջության կենտրոի տնօրինությունն այնքան խիստ է, որ ոչ մի խնդիր չի առաջացել: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ կենտրոնը և մանկապարտեզը նույն շենքում լինել չեն կարող»:

Մանկապարտեզի տնօրենը կարծում  է՝ բողոքի ալիքը բարձրացել է ոչ թե տհաճ նախադեպերի, այլ քաղաքային նոր իշխանության հաստատվելու արդյունքում: Ծնողները կարծում են՝ խնդիրը հավուր պատշաճի կգնահատվի:

Տնօրենից փորձեցինք ստանալ ամենախնդրահարույց հարցի պատասխանը. արդյո՞ք լինում են շփումներ  հոգեկան առողջության կենտրոնի «բնակիչների»  և մանկապարտեզի սաների միջև.

«Շփումներ կարող են լինել այն դեպքում, երբ  երեխաները մանկապարտեզից տուն են գնում: Երեխաները խաղում են ընդհանուր բակում, հնարավոր է ՝ այդ ժամանակ էլ լինեն շփումներ»:

Ըստ տնօրենի՝  և՛ հոգեկան առողջության կենտրոնի, և՛ մանկապարտեզի տնօրինություները խստություն են ցուցաբերում՝ խուսափելու երեխաների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդիպումներից:

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ N34 մանկապարտեզը ստեղծվել է դեռևս 1989 թվ-ին՝ «Կորեայի ձորի» բնակիչների խնդրանքով: Հոգեկան առողջության կենտրոնը ստեղծվել է 2015 թվ-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին