Կարևոր իրադարձություններ

Տիկին Մակունց, դուք եւ Նիկոլ Փաշինյանը անօրինական օգտագործել եք ԱԺ շենքը. Զարուհի Փոստանջյան

03 Փետրվար, 2019 19:20
Տիկին Մակունց, դուք եւ Նիկոլ Փաշինյանը անօրինական օգտագործել եք ԱԺ շենքը. Զարուհի Փոստանջյան

ԱԺ շենքի օգտագործելը փակ կուսակցական (ընկերական, բարեկամական, ազգակցական) հանդիպումներ-քննարկումներ անցկացնելու համար` նախատեսված չէ․ այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Հայատարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Համաձայն լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվության` 2019 թվականի փետրվարի 2-ին Երևանի Բաղրամյան 19 հասցեում, ՀՀ Ազգային ժողովում տեղի էր ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին մասնակցելու էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները: Այս հանդիպման մասին «Ժողովուրդ» թերթը (որի խմբագիրն է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը) գրել է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով այսօր` 11:00-ին, կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Հանդիպումը տեղի է ունենալու վարչապետի նախաձեռնությամբ, սակայն թե ի՞նչ է քննարկվելու հանդիպման ժամանակ, պարզ չէ: Նշենք, որ պատգամավորները նույնպես տեղյակ չեն հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ հիմնականում խոսքը գնալու է կառավարության ծրագրի մասին, որն ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին:

Իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը համառորեն չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին, ովքեր ցանկացել էին լուսաբանել 2019 թվականի փետրվարի 2-ի «Իմ քայլը» խմբակցության այդ նիստը թույլ չի տրվել մուտք գործել Ազգային ժողով: Պատճառաբանությունն այն է եղել, որ օրը ոչ աշխատանքային է, տեղում չեն անցագրային կետի աշխատակիցները, հետևաբար, լրագրողները չեն կարող մտնել ՀՀ ԱԺ շենք: «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է` «Նիստ չի եղել, եղել է հանդիպում վարչապետի և կառավարության անդամների հետ: Նիստը տևել է 4 ժամ: Նիստին ներկա են եղել մարզպետներ: Զարմանալի ոչ մի բան չկա այստեղ, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու: Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն: Տարբեր հարցեր են քննարկվել, խոսել ենք վարչապետի Դավոս և Գերմանիա կատարած այցերից, ինչպես նաև քննարկել ենք պարգևավճարների հետ կապված հարցեր: Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ի՞նչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարևորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետև այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները:»

Համաձայն ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարության` խմբակցության նիստ տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում և նման հանդիպում-քննարկումներ հաճախ են տեղի ունենալու:

Հարգելի տիկին Մակունց և պարոն Փաշինյան, ՀՀ Ազգային Ժողովի շենքի շահագործումը տեղի է ունենում հանրային միջոցների ֆինանսավորման հաշվին` այսինքն իմ և իմ նման միլիոնավոր հարկատուների միջոցների հաշվին: Հետևաբար, այն օգտագործելը փակ կուսակցական (ընկերական, բարեկամական, ազգակցական) հանդիպումներ-քննարկումներ անցկացնելու համար` նախատեսված չէ: Տիկին Մակունց և պարոն Փաշինյան, ձեր այս նախաձեռնությունը ոչ իրավաչափ է, գնահատվում է որպես վարչական ռեսուրսի չարաշահում և հետապնդում է ոչ օրինական նպատակ: Եթե դուք կարիք ունեք աշխատանքային փակ քննարկումներ անցկացնել ՀՀ ԱԺ շենքում, ապա դա պետք է տեղի ունենա օրենքով նախատեսված ընթացակարգերով` խմբակցության նիստերի գումարման, հանձնաժողովների նիստերի գումարման միջոցով և այլն` սույն միջոցառումների օրակարգի վերաբերյալ նախապես հանրային իրազեկում տարածելով: ՀՀ ԱԺ-ում գումարված նիստերի և միջոցառումների լուսաբանումը չի կարող տեղի ունենալ գաղտնի ռեժիմով` փակ նիստերի դեպքում, իհարկե, կա սահմանափակում, սակայն դա չի նշանակում նիստերի և միջոցառումների օրակարգերի և մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է նույնպես փակ լինի (առանց լրատվամիջոցների համար հասանելիության): Տիկին Մակունց, Ձեր հայտարարությունից հասկանալի է, որ 2019 թվականի փետրվարի 2-ին Դուք և պարոն Փաշինյանը հրավիրել եք կուսակցական ժողով և անօրինական օգտագործել հանրային միջոցների հաշվին ֆինանսավորվող ՀՀ ԱԺ շենքը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել եք մուտք գործել ՀՀ ԱԺ շենք՝ հիմնավորելով, որ աշխատանքային օր չէ: Հարգելիներ, եթե օրը աշխատանքային չէ, ապա ինչ գործ ունեն այնտեղ ՀՀ վարչապետը, կառավարության անդամները և մարզպետները: Եթե դա ժողով է, որի նպատակը իրոք` «օրենսդիրի ու գործադիրի իրենց անելիքները սինխրոնիզացնելն է», ապա ինչո՞ւ է արգելվել լրագրողների մուտքը ՀՀ ԱԺ շենք: Եթե դա օրենսդիրի ու գործադիրի օրինական նախաձեռնությունն է, ապա ինչո՞ւ տեղի չի ունեցել հանդիպում-քննարկում համապատասխան իրավական ընթացակարգով այլ խմբակցությունների հետ ևս: Հասկանալի է` իրականում դա եղել հանրային տարածքի անօրինական օգտագործմամբ կուսակցական ժողով, որի նախաձեռնողը եղել է Նիկոլ Փաշինյանը: Տիկին Մակունցի և պարոն Փաշինյանի կարիքը (հանդիպում-քննարկումը վարչապետի ու կառավարության անդամների և «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, ժամեր շարունակ փակ ռեժիմով) բավարարել ՀՀ ԱԺ շենքում, իմ և իմ նման միլիոնավոր մարդկանց դրամական միջոցների հաշվին, բնութագրվում է որպես վարչական ռեսուրսի չարաշահում և իր ձևով ու տեսակով համընկնում է կուսակցապետության արատավոր գործելակերպի հետ:

Հ.Գ. Ի դեպ, հարգելի տիկին Մակունց, լայն հանրությունը հրատապ է համարում բաց քննարկումների անցկացում` ՀՀ ԱԺ-ում, Նիկոլ Վովաևիչի մասնակցությամբ` խորհրդարանական լսումների ձևաչափով: Հանրությանը անհրաժեշտ է պարզաբանում տրամադրել` Նիկոլ Վովաևիչի և «կիրթ անձնավորության տպավորություն» թողած Իլհամ Հեյդարովիչի Դուշանբեի վերելակում ակնթարթային հանդիպում-պայմանավորվածությունից, Դավոսյան անսպասելի 1,5 ժամ տևած հանդիպումից և այդ հանդիպումներից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում է հետևյալը` «ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին