Կարևոր իրադարձություններ

«Տարօրինակ է, որ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը «տեղյակ չի եղել» այդպիսի կարևոր՝ 0038 հրամանի մասին»

02 Փետրվար, 2019 13:10
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Տարօրինակ է, որ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը «տեղյակ չի եղել»   այդպիսի կարևոր՝ 0038 հրամանի  մասին»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Գրում են, որ այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանը պնդել է, թէ ինքը տեղյակ չի եղել 0038 հրամանի մասին: Չասեմ՝ տարօրինակ է, որ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը ՛՛տեղյակ չի եղել ՛՛ այդպիսի մի կարևոր հրամանի մասին, ինչը անձամբ ինձ կարող էր տագնապներ ներշնչել երկրի համար կարևոր այլ ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի իմացությունը պահանջող հրամանների հնարավորության մասին, եթե ես հավատայի 0038ի մասին նրա անտեղյակությանը: Բայց տվյալ դեպում սրա մասին չէ, որ ուզում եմ գրել: 1919ին, երբ Թուրքիան Առաջին աշխարհամարտում պարտվել էր, եւ քանդվող Օսմանյան կասյրության կառավարությունը, եվրոպացիների պահանջով, ծույլ ու դաննդաղկոտ դատավարությունն եր էր սկսել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների հանդեպ, բոլոր ձերբակալված հանցագործները, ովքեր նույնիսկ անձամբ էին կազմակերպել և մասնակցել կոտորածներին, դատարանում սպանվածների մասին ՛՛ոչինչ չգիտեին՛՛, ՛՛չէին լսել՛՛, և, իհարկե, ոչ միայն իրենք մարդ ""չէին սպանել՛՛, այլեւ ոչ մի սպանություն չէին տեսել եւ նույնիսկ այդ մասին ՛՛չէին լսել՛՛: Մի քանի ամսում երկրում 1,5 միլիոն մարդ էր սպանվել, բայց այդ մասին վարչական պաշտոն զբաղեցնող ոչ մի մարդ ոչինչ ՛՛չգիտեր՛՛:

1919ի փետրվար-մարտ ամիսներին Բողազլըեանի կայմակամ (գաւառապետ) եւ Յոզգաթի մութասարրիֆի տեղակալ (սանջակի փոխկառավարիչ) Քեմալի դատն էր, որին ի թիվս այլոց մեղադրանք էր հարուցված նաև Գյուլլէր գաւառակում հայերի կոտորածներ իրականացնելու hամար տեղի մահմեդական բնակչությանը գրգռելու, կոտորվող hայերի տառապանքներին նարգիլէ ծխելով հետեւելու, Կարապետի ընտանիքի ունեցուածքն անձամբ կողոպտելու, կնոջ մատանին հանելու hամար մատը կտրելու եւն.ի մէջ: Այդ դատին դատավորի կողմից տրվող հարցերին Քեմալի հիմնական պատասխանը միշտ նույնն էր՝ «տեղեակ չեմ, փաշա, տեղեակ չեմ» : Դատավարությունը հանրութեանը ներկայացնող «Ալեմդար» թերթը գրում է. «Յոզգաթի մութասարրիֆի տեղակալ, Բողազըլեանի կայմակամ Քեմալ բէյը 500 հեծեալ աւազակախմբով եկել է Գիւլլէր գիւղ, hայերին գերի են վերցրել գիշերուայ ժամը 12ից յետոյ, քանի որ նրանց ժամկէտը [տեղահանութեան] լրացել էր, քահանային յիշեցրել են կրօնական արարողութեան կազմակերպման անհրաժեշտութեան մասին, մահապատժի են ենթարկել նախ՝ քահանայի փոքրիկ երեխային, ապա՝ կնոջը եւ այնուհետեւ՝ քահանային, որից յետոյ Քեմալը, դուդուկ նուագելով, քաջալերել է մարդասպաններին՝ ասելով՝ «դուք չգիտէք՝ ինչպէս կոտորել»: Չեթէները (հրոսակախմբերը) Քեմալ բէյի այս խօսքերից յետոյ սկսել են ամէնայն դաժանութեամբ կոտորել ամէն պատահողի…» :Այդ ամէնը կազմակերպած գաւառապետը «տեղեակ չէր, փաշա, տեղեակ չէր»: 

Քեմալի «հերոսութիւնները» թվարկող hայ վկաների ցուցմունքներին, այդ թվում իր 115 սպանված ազգականների շահերը ներկայացնող Լեվոն Ռեմզիի վկայութիւններին Քեմալը պատասխանում է. «ո՛չ Գիւլլէր եմ գնացել, ո՛չ եղել եմ այնտէղ, ո՛չ այդ մարդկանց եմ ճանաչում, ո՛չ էլ մատ կտրելով՝ մատանի եմ վերցրել: Նման որեւէ պաշտօնեա չկա, որ այդ աստիճան անբարո կողոպուտ իրականացնի՝ hասարակ զգացմունքով ներշնչուած»: Քեմալը պնդում է, որ Գյուլլէրի hայ բնակչությունն անվտանգ տեղ է հասել աքսորավայր: Լեւոն Ռեմզին առարկում է. «Կոտորածի թատերաբեմ դարձած Գիւլլէր գիւղում 6000 հոգու սպանութիւնը յայտնի է այն դիակների շնորհիւ, որոնցից իւրաքանչիւրի մարմնի անդամները կտրտուած են որեւէ տեղից: Դա յայտնաբերուել է բժշկական յանձնաժողովի կողմից կատարուած բժշկական զննումների շնորհիւ»: Դատը նախագահողի հարցին, թէ՝ «նման մասշտաբի բան է տեղի ունէնում, իսկ մութասարրիֆը տեղեակ չի՞», Քեմալի միշտ անխռով նույնն է կրկնում՝ «տեղեակ չեմ, փաշա, տեղեակ չեմ»: Քեմալը դատարանին ասում է, որ Յոզգաթից 7-8000 հայեր են ուղարկուել Տէր-Զօր, եւ ինքը որեւէ «գեշ բան մը իմացած չէ, անոնք իրենց տեղերը հասած ըլլալու են», դատաւորի հարցին՝ «մէջտեղը բնաւ մեռնող չկա՞ր», հայերի հանրային պաշտպան Լեւոն Ռէմզին պատասխանում է. «Նախագահ փաշա, ձորերու մէջ փորուած հորերը գիտեն, թէ ինչ եղան այդ 8000 հոգին, այդ հորերուն մէջ են բոլոր զոհերը, բայց անոնց դիակներն անգամ անճանաչ են, կան ոմանք, որոնք թեւ չունին, եւ ոմանք, ուրիշներ, որ ոտք չունին, եւ շատերն անգլուխ են: Հայաստան հսկայ գերեզման մըն է», որին Քեմալը կրկին արձագանքում է «ես չիմացայ»:

Սա երկրի տարբեր մասերում ընթացող այդ դատերի սովորական ընթացքն էր, ամենուր "տեղյակ չէին", մինչև մեկ ուրիշ Քեմալ՝ Մուստաֆա Քեմալը ապստամբություն սկսեց և 1919ի վերջին հայերի նոր կոտորածների հերթը եկավ՝ սկսվելով Մարաշից: Մինչ այդ Բազըլեանի Քեմալին մահվան դատապարտեցին, բայց Մուստաֆա Քեմալի կառավարությունը նրան ՛՛ազգի նահատակ՛՛ ճանաչեց և ընտանիքին ՛՛հայկական լքեալ գույքից՛՛ ստացված գումարով թոշակ նշանակեց: Այսպիսի տխուր բաներ: Բնավ չէի ուզենա այսպիսի զուգահեռներ անցկացնել, բայց պարզ ՛՛տեղյակ չեմ՛՛ը այն դեպքում, երբ ՛՛տեղյակ լինել՛՛ պարտավոր է, վատ փաստարկ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին