Կարևոր իրադարձություններ

Արդեն 4-րդ օրն է` կոյուղաջրերը ողողել են Արարատի փողոցներն ու խաղահրապարակը

01 Փետրվար, 2019 15:30
Արդեն 4-րդ օրն է` կոյուղաջրերը ողողել են Արարատի փողոցներն ու խաղահրապարակը

«Արարատ քաղաքի կոյուղաջրերի խողովակներն այս տարիների ընթացքում վատթարացել են: Այդ կոյուղագծերում տարիների նստվածք կա և հաճախ են խցանվում,  մենք անընդհատ զանգում ենք «Վիոլա ջուր», թեժ գիծ և գալիս կարգավորում են»,- Shabat.am –ի հետ զրույցում ասաց Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Մելքոնյանը՝ անդրադառնալով բնակիչների բողոքին այն մասին, որ Արարատ քաղաքի Խանջյան 62 հասցեում արդեն 4–րդ օրն է՝ կոյուղաջուրը ողողում է փողոցն ու խաղահրապարակը:

Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ իրենք խնդրին ծանոթ են և լուծում են տալիս:

«Նման ահազանգերին միշտ էլ տեղյակ ենք, մենք ամեն դիմումից վայրկյաններ հետո դիմում ենք «Վիոլա ջուր», թեժ գիծ ենք զանգում, գալիս և կարգավորում են: Ընդհնուր քաղաքի կոյուղագծերի վիճակն է վատ, բայց անընդհատ գալիս մաքրում են: Այս անգամ փոքր երկարեց խնդիրը, պատճառը որքանով տեղյակ եմ ՝ մաքրող մեքենայի վարորդի հետ էր կապված, որը պարբերաբար՝ մեր ահազանգերից հետո գալիս և մաքրում է: Այս խնդրով արդեն զբաղվում են»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու՞ է այդ վիճակը դեռևս պահպանվում քաղաքում, և արդյո՞ք քաղաքապետարանը զբաղվում է խնդրի վերջնական լուծմամբ, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց.

«Շատ անգամ բնակիչները ինչ-որ իրեր են գցում, որոնք խցանման պատճառ են դառնում և առաջանում է այս խնդիրը: Սպասարկումն իրականացնում է «Վիոլա ջուրը», ավելին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, մենք հնարավորին հետևողականորեն ահազանգում ենք, մեր զանգերից հետո գալիս մաքրում և խցանումը վերացնում են: Մաքրելուց հետո բավականին երկար ժամանակ այս խնդիրը չի լինում, նորմալ գործում են խողովակները»,- նշեց Կարեն Մելքոնյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին