Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է ՔՀԿ-ում մահացած լրագրողի վերջին նամակը

01 Փետրվար, 2019 12:15
Հրապարակվել է ՔՀԿ-ում մահացած լրագրողի վերջին նամակը

Haynews.am կայքը ներկայացրել է 2018-ի դեկտեմբերի 4-ից կալանավորված ու հացադուլ հայտարարած և օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի վերջին նամակը, որը նա գրել է կալանավորումից մի քանի օր առաջ և հանձնարարել է հրապարակել, երբ ինքն ասի:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ

Դեռևս 2018թ.-ի հուլիսին ինձ նախազգուշացրեցին, որ երկրիս ԱԱԾ-ն գաղտնալսում է իմ հեռախոսահամարները: Բնականաբար ահազանգն ընդունեցի, բայց շարունակեցի իմ սովորության համաձայն խոսել, ինչպես խոսել եմ այս վերջին 28 տարիներին, բաց, ազատ արտահայտվել, միշտ ասել այն, ինչ անում եմ, քանի որ գաղտնի գործողություններից միշտ եղել եմ հեռու...

Այդ ամիսների ընթացքում, իմ բնավորության համաձայն, փորձել եմ ընդառաջել բոլոր նրանց, ովքեր դիմել են ինձ, երբեք ուշադրություն չեմ դարձրել որոշ ստահակների, որոնք կարող են իմ օգնությունը վերածել այլ բանի: Աստված նրանց հետ...

Այդպես ապրել և օգնել եմ:

2016թ.-ի հոկտեմբերին ձեռք բերեցի HayNews.am կայքը, իմ մտահղացումներով ստեղծեցի լրատվական կայք, որտեղ անդրադառնում էի երկրի օրվա անցուդարձին, առանց բացառությունների՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական, բնապահպանական և համայնքային խնդիրները համարելով գլխավոր:

Ամիսներ շարունակ փորձ արվեց կայքի թիկունքում տեսնել իմ շրջապատի «որոշ» մարդկանց, սակայն ապարդյուն, քանի որ որևէ մեկը չկար: Ես, իմ ընկեր բարեկամներով, այն էլ հիմնականում հասարակական հիմունքներով, իմ գաղափարները կյանքի կոչեցի, աշխատացնելով լրատվական կայքը:

Տարիներ շարունակ կայքի պահպանման համար միշտ էլ իմ շրջապատից պարտքով գումարներ եմ վերցրել, հետագայում վերադարձրել, որոշներինը եղել է վերադարձման փուլում:

 

Այս ամենով հանդերձ, արդեն մի քանի օր շարունակ երկրի ԱԱԾ հերթով իր մոտ է կանչում այն մարդկանց, որոնց հետ խոսել եմ կամ հաղորդակցվել՝ SMS-ներով: Չգիտեմ, թե ի՞նչ են փնտրում, ի՞նչ են ուզում անել՝ ինձանից նոր «հանցագործ» կերտելով, ինչպես դա արել էին տարիներ առաջ, ընդ որում, այդ դատավճիռը արդեն ՄԻԵԴ-ի ճանապարհին է:

30 տարի ինձ չեն կարողացել լռեցնել, այժմ էլ չեմ լռելու, պետությունից մեկ լումա չեմ գողացել, հայրենիքս սիրել եմ շատ ավելի, քան ինձանից «հանցագործ» կերտողները՝ օրվա իշխանությունները:

Մինչև ապրիլյան իրադարձությունները և դրանից հետո, վերջին ամիսներին ամբողջ գործընթացների վերաբերյալ ունեմ իմ հստակ պատկերացումները և այն միշտ ասել եմ:

Առայժմ ամբողջական պատկերացում չունեմ, թե այս ամենը իմ անձի շուրջ հանուն կամ ընդդեմ ինչի կամ ում համար է արվում, բայց վստահ եմ, որ ազնիվ ու արդար չէ այն ճանապարհը, որ ընտրվել է և այն գործելաոճը, որն իրականացվում է իմ անձի նկատմամբ:

Արդարանալու կամ այլ նպատակ չունեմ, այն, ինչ որ կներկայացվի իմ անձի մասին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որևէ աղերս չունի իրականության հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին