Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բեկանելու «Մարտի 1»-ի գործերով Մուշեղ Սաղաթելյանի քրգործը

31 Հունվար, 2019 16:07
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բեկանելու «Մարտի 1»-ի գործերով Մուշեղ Սաղաթելյանի քրգործը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու եւ նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ բողոք է ներկայացվել Երեւանի քրեական դատարանի 2008-2009թթ. ընթացքում մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշումը նոր հանգամանքներով վերանայելու վերաբերյալ:

2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր եւ ենթարկվել տուգանքի եւ հինգ տարի ժամկետով ազատազրկման։

Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երեւան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու եւ ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ եւ փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

Դատավճիռը 2008թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել էր այն եւ Երեւանի քրեական դատարանի դատավճիռը թողնվել անփոփոխ։ Իսկ 2009թ. մարտի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը:

2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի (գանգատ թիվ 23086/08) քննության արդյունքում կայացրել է վճիռ, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների եւ միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ միջնորդելով բեկանել 2008-2009թթ. ընթացքում Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ երեք ատյանների կողմից կայացրած վերոնշյալ որոշումները եւ գործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության»:

 

Լրահոս

Դիտել ավելին