Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի կայարանների կառուցման համար աշխատանքային խումբ է ձևավորվել

29 Հունվար, 2019 20:41
Մետրոպոլիտենի կայարանների կառուցման համար աշխատանքային խումբ է ձևավորվել

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խումբ է գործում, որն աշխատում է Երևանի մետրոպոլիտենի երկու կայարաններ կառուցելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Երեւանի քաղաքապետարնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հարցին, թե արդյոք պոպուլիստական չէր Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունը երկու կայարան կառուցելու վերաբերյալ, երբ չկան կոնկրետ նախագծեր եւ հաշվարկներ։

«Բացարձակ, դա երազանք չէ։ Կա հաշվարկ, որն արվել է 1985թ., մենք չենք ասում, որ կառուցել ենք, մենք աշխատանքներ ենք կատարում այդ ուղղությամբ , կա աշխատանքային խումբ, որն անընդհատ աշխատում է այդ ուղղությամբ»,–ասաց նա։

Մարությանը նշեց, որ քաղաքապետարանը չի թույլատրում շենք շինություններ կառուցել այն հատվածներում, որտեղ պետք է կառուցվեն մետրոպոլիտենի նոր կայարանները։

«Միջին հաշվարկով մետրոյի 1 կմ-ը կառուցելու համար հարկավոր է 100 մլն դոլար՝ կախված նրանից, թե ինչ խոչընդոտներ կան»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Երեւանում մետրոյի երկու նոր կայարան կկառուցվի։

«Մենք չենք ուզում տարածվել եւ ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետեւ ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,- ասել էր նա։

 

Լրահոս

Դիտել ավելին