Կարևոր իրադարձություններ

Աճանան գետում բազմաթիվ սատկած ձկներ են հայտնաբերվել

29 Հունվար, 2019 11:30
Աճանան գետում բազմաթիվ սատկած ձկներ են հայտնաբերվել

Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է, որ դեռևս ամիսներ առաջ բարձրացված խնդիրը, որ սատկած ձկներ են գտնվել Աճանան գյուղում՝ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը գետի մեջ լցվելու հատվածում, դեռևս մնում է չլուծված:

ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջում գրված է.

«Հարգելի բնապահպաններ, Ձեր և բոլորի ուշադրությունն եմ հրավիրում Կապան համայնքի, Աճանան գետի նկարներն ու վիդեոները... այս խայտառակ պատկերը հետևանքն է այն բանի, որ Քաջարանի կոմբինատի թափոնատար խողովակաշարից թափոնաջրերը թափվում են Աճանան գետ` ոչնչացնելով ոչ միայն ձկներին, այլև անտանելի դարձնելով մեր` տեղի բնակիչներիս, կյանքը... բացի անտանելի հոտից, մենք զրկված ենք ոռոգման ջրից և Աճանան համայնքում ապրելն այլևս անիմաստ է...

Հ.Գ.հիմնականում թափոնաջրերը գետն են թափվում գիշերային ժամերին և քանի որ տունս գտնվում է գետից 50 մ հեռավորության վրա, անտանելի հոտից նույնիսկ չենք կարողանում քնել...»:

ՀԲՃ-ն հրավիրելու է ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ կառավարության ուշադրությունը:

«Բազմաթիվ անգամ ներկայացվել են այս խնդիրները բնապահպանների, էկոլոգների, տեղի բնակիչների կողմից, բայց դեռ սայլը տեղից չի շարժվում։ Հանքարդյունաբերողները մնում են օրենքից դուրս, իսկ իրենց աղտոտող ձեռքը բռնող գրեթե միակ պետական կառույցի ղեկավար Արթուր Գրիգորյանն էլ ցավոք ազատվում է աշխատանքից»,-ասվում է ՀԲՃ-ի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին