Կարևոր իրադարձություններ

Մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից

26 Հունվար, 2019 22:11
Մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից

Դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր առավոտյան մահացած կալանավոր Մհեր Եղիազարյանի մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Մհեր Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ–ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել եւ խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ սահմանվել է փորձաշրջան՝ հինգ տարի ժամկետով:

2018 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ է հայտարարել:

2018 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը դատախազութան միջոցով ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու:

2018 թվականի հունվարի 17-ին Եղիազարյանը դադարեցրել է հացադուլը եւ պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ:

Հացադուլից շուրջ 10 օր հետո՝ այսօր առավոտյան, Մհեր Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախապատրաստվող նյութերով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից:

 

Լրահոս

Դիտել ավելին