Կարևոր իրադարձություններ

Փոխմարզպետը սկզբում թվում էր՝ համաձայնել է դիմում գրել և գնալ, բայց հետո ասել է, որ ցանկություն չունի դիմում գրելու

26 Հունվար, 2019 17:20
Փոխմարզպետը սկզբում թվում էր՝ համաձայնել է դիմում գրել և գնալ, բայց հետո ասել է, որ ցանկություն չունի դիմում գրելու

«Հրապարակ» թերթը երեկ գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել եւ հենց սկզբում հայտարարել, որ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ԲՀԿ-ական փոխմարզպետ Արծվիկ Նիկողոսյանն ազատված է աշխատանքից: Լուրն անակնկալ է եղել նաեւ ԲՀԿ-ական փոխմարզպետի համար։ Մարզպետը միայն խորհրդակցությունից հետո է հարկ համարել իր մոտ կանչել եւ հորդորել, որ ազատման դիմում գրի, սակայն Նիկողոսյանն անդրդվելի է մնացել ու հրաժարվել է կատարել վերադասի հրահանգը։ Նա շարունակում է սովորականի պես աշխատանքի գնալ։ Բայց նրա ու մարզպետի հարաբերությունները գրեթե սառեցված են։

Այնուհետև Արծվիկ Նիկողոսյանը նշել է, որ Գևորգյանը իր պաշտոնավարման առաջին օրվանից ոչ մի հանձնարարական չի տվել իրեն, և ըստ իր վարկածներից մեկի՝ Գևորգյանի թիրախում հայտնվել է այն պատճառով, որ  մարզպետին դուր չի եկել, իր՝ ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելը,  քանի որ «Իմ քայլից» թեկնածություն էր առաջադրել մարզպետը։

Այս և մի քանի հարցեր պարզելու համար  Shabat.am-ը կապ հաստատեց Դավիթ Գևորգյանի հետ։

Նա ասաց, որ Արծվիկ Նիկողոսյանը ստել և խեղաթյուրել է բազմաթիվ բաներ, և որ նախքան խորհրդակցությունը առավոտյան առանձնազրույց են ունեցել։ Գևորգյանը Նիկողոսյանին հայտնել է, որ միասին էլ չեն շարունակելու աշխատել և առաջարկել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ գալ և շնորհակալություն հայտնել կոլեկտիվի մյուս անդամներին։

Ըստ Գևորգյանի փոխմարզպետը սկզբում թվում էր թե համաձայնել է դիմում գրել և գնալ, բայց հետո ասել է, որ ցանկություն չունի դիմում գրելու և  սպասում է, որ իրեն ուրիշ տեղից ասեն։

Գևորգյանն էլ օրենքով սահմանված կարգով հիմք ընդունելով  «հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթները՝ վարչապետին առաջարկել է ազատել Ա․ Նիկողոսյանին Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից(21․01․2019)։

 Այն հարցին թե արդյո՞ք ճիշտ է, որ մարզպետարանում տիրում է վախի և սպառնալիքի մթնոլորտ, մարզպետը պատասխանեց,-«Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, վախի մթնոլորտ չի եղել մարզպետարանում, բայց ես ինքս խստապահանջ եմ և՛ իմ, և՛ իմ աշխատակազմի հանդեպ։Մարդիկ, ովքեր իրենց գործին լավ չեն տիրապետում ժամանակի ընթացքում այստեղ չեն մնալու։ Ես ոչ մեկի հետ անձնական ոչ մի  խնդիր չունեմ, բացառապես առաջնորդվում եմ մասնագիտական որակներով»։

Այն որ ընտրությունների ժամանակ իրենք երկուսն էլ թեկնածություն են առաջադրել, դա  ևս Գևորգյանի խոսքով բացարձակ կապ չի կարող ունենալ, քանի որ նույնիսկ Նիկողոսյանի հայրենի բնակավայրում Գևորգյանն ավելի շատ ձայն է հավաքել քան Նիկողոսյանը։

Հրապարակ-ի հետ զրույցում փոխմարզպետը  նաև նշել էր, որ իրեն որևէ հանձնարարական չի տրվել։ Գևորգյանը ժխտում է,- «Ամեն տեղկալ ունի իր համակարգելու ոլորտները․ Պարոն Նիկողոսյանը որ ոլորտը համակարգում է, այդ ոլորտի հանձնարարականները մեկ ուրիշի չէր տրվի։ Առնվազն զորահավաքի կազմակերպման հետ կապված հանձնարարականներ են եղել, որը պարոն Նիկողոսյանի պատասխանատվության տակ գտնվող ոլորտ է»։

 

Լրահոս

Դիտել ավելին