Կարևոր իրադարձություններ

Բագրատաշենի մաքսակետում կայանած մեքենաները խոչընդոտներ են ստեղծում սահմանապահների համար. ԱԱԾ

25 Հունվար, 2019 13:13
Բագրատաշենի մաքսակետում կայանած մեքենաները խոչընդոտներ են ստեղծում սահմանապահների համար. ԱԱԾ

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ «Բագրատաշենի» մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին այցելել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և տարածքում կայանած մեքենաները դուրս հանելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել: Ակտիվիստները կարծում են, որ դա ոչ թե ԱԱԾ-ի, այլ ՊԵՌԿ-ի գործառույթն է:

 

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանից.

Հարց. Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ «Բագրատաշենի» մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին այցելել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ըստ էության վերջնաժամկետ տվել՝ տարածքում կայանած ավտոմեքենաները մեկշաբաթյա ժամկետում դուրս հանել: Ակտիվիստները կարծում են, որ դա ԱԱԾ գործառույթը չէ, այլ ՊԵԿ-ի իրավասության շրջանակներում է:

Պատասխան. ԱԱԾ տնօրենը ոչ թե մեկնել էր «Բագրատաշեն» ակցիայի մասնակիցներին հանդիպելու, այլ Վրաստան ուղևորվելու ճանապարհին է տեսել ցուցարարներին և մոտեցել, զրուցել է: Իսկ ինչ վերաբերվում է տարածքում կայանված մեքենաները դուրս հանելու կոչին՝ ապա հարկ է նշել, որ դրանք խոչընդոտներ են ստեղծում նաև հայ սահմանապահների համար՝ ՀՀ պետական սահմանը պահպանելու, «Բագրատաշեն» անցման կետի ռեժիմն ապահովելու գործում, որն ԱԱԾ գործառույթ է:

Հունվարի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է կոչ քաղաքացիներին՝ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքից դուրս բերել այնտեղ կայանված հիմնականում աջ ղեկով մեքենաները, որոնք դժվարություններ են ստեղծում անցակետի աշխատանքներում: Բագրատաշենի անցակետում աջ ղեկով ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել, քանի որ բազմաթիվ ավտոներկրողներ, չնայած այն հանգամանքին, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը Հայաստան արգելված է, դրսից աջ ղեկով ավտոմեքենաներ են պատվիրել, իսկ Բագրատաշենի անցակետում նրանց արգելել են դրանք ներմուծել: Ավտոներկրողների անցկացրած բողոքի ակցիաներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ նախարարությունը պատրաստում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով: «Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում և կառավարության որոշմամբ թույլ տալ մեքենաների մուտքը երկրի տարածք՝ այն պայմանով, որ դրանք մինչև շահագործվելը փոփոխվեն: Կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո: Փորձում ենք գոնե այս ընթացակարգով հեշտացնել խնդրի լուծումը, որ մարդիկ, ովքեր փաստի առաջ են կանգնել, կարողանան ներկրել մեքենաները»,- ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին