Կարևոր իրադարձություններ

Բաց նամակ Դավիթ Սանասարյանին

25 Հունվար, 2019 12:51
Բաց նամակ Դավիթ Սանասարյանին

ՇՊՀ դասախոսներ  Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակ են գրել ՀՀ Պետական Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի´ պարոն Սանասարյան,

Ձեզ են դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու աշխատակիցները, որոնք արդեն երկրորդ անգամ են Ձեզ դիմում բաց նամակով  մեկական անգամ էլ դիմել ենք փոստային նամակով (08.06.2018թ-ին) և ծառայության ՖԲ էջին (05.09.2018թ-ին): Ստորև գրեթե ամբողջությամբ կրկնում ենք մեր նախկին նամակների բովանդակությունը և հույս ունենք, որ այս անգամ կարձագանքեք: 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում ենք համալսարանի նախկին ռեկտորի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ապօրինությունների, չարաշահումների և կամայականությունների դեմ:

Մեր պայքարի հետևանքը եղավ այն, որ 2018 թվականի մարտի 15-ին ռեկտորի և իր թիմի անօրինական որոշումներով մեզ ապօրինաբար ազատեցին աշխատանքից, բայց դատարանի որոշումներով 6 և 8 ամիս անց ամբողջությամբ վերականգնեցինք մեր ոտնահարված իրավունքները: Սահակ Մինասյանը մայիսի 18-ին նույնպես հեռացավ իր պաշտոնից, սակայն նրա գործած ապօրինությունները պետք է իրավական գնահատական ստանան, և նախկին ռեկտորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ֆինանսական չարաշահումների համար (ստուգումները թող պարզեն, թե դրանք պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով վատնումներ, յուրացումներ, փողերի լվացումներ են եղել և այլն):

2016 թվականի հուլիսին քաղաքական որոշման հետևանքով ռեկտորի պաշտոնակատար նշանակված Սահակ Մինասյանը ժառանգեց 500 միլիոն դրամ ունեցող բյուջե, սակայն ռեկտորի` 2016-2017 ուսումնական տարվա ֆինանսական հաշվետվությունից պարզ դարձավ, որ Սահակ Մինասյանը ոչ միայն մսխել է ժառանգած 500 միլիոն դրամը, այլև իր` 2017 թվականի բյուջեի նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում, այսինքն` թույլատրելի 10 տոկոսի փոխարեն ունենք ավելի քան 20 տոկոս շեղում:

Փաստորեն 2016 թվականի երկրորդ կեսի և 2017 թվականի բյուջեի նախահաշիվներով չնախատեսված ծախսեր և գնումներ են կատարվել, ինչը բուհը հասցրել է ֆինանսական աղետի: Օրինակ, չնախատեսված ծախսեր (մլն. դրամով). բուֆետների աշխատողների աշխատավարձ (-2 699), քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումներ (-14 079), դիզայներական ծառայություններ (-1 300), հիմնանորոգման և ընթացիկ նորոգման ծախսեր (-36 198), ապրանքանյութական պաշարներ (-3 670), Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (-4 500), կարկանդակի-բուլկու անօրինական արտադրամաս և այլն: Էլ չենք ասում 14 միլիոնդրամանոց դիզելային գեներատորի (գեներատորը էլեկտրաէներգիա է տալիս միայն վարչական մասին, այն էլ` շատ փոքր ծավալով), ինքնածախսածածկմամբ աշխատող բուֆետի, ֆուտզալի թիմ պահելու, ուռճացված վարչական հաստիքակազմի, ոչ անկախ ֆինանսական աուդիտների, Համաշխարհային բանկից (օրինակ` ՆՈՐԿԵՆՏ ծրագրով կատարված ապօրինությունները  ստացված գումարների մասին: Իսկ 15 տոննա ոչնչացված գրքերի մասին ամբողջ հանրապետությունը գիտի: Այդ ծախսերը պայմանավորված չեն եղել ՇՊՀ-ի կանոնադրությամբ, բուհի ռազմավարական զարգացման ծրագրով: Մեզ հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ այլ մանրամասներ կներկայացնենք:

Հարգելի´ պարոն Սանասարյան, խնդիրները շատ են: Հուսով ենք, որ հեղափոխության բովով անցած երկրում հնարավոր է անաչառ ստուգումներ իրականացնել, և Ձեր ուշադրությունը վերջապես մայրաքաղաքի բուհերից բացի կկենտրոնացնեք նաև մարզային բուհի օրհասական խնդիրների վրա:

Հարգանքով` ՇՊՀ-ի աշխատակիցներ
Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան

 

Լրահոս

Դիտել ավելին