Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենն ազատվել է արգելանքից

24 Հունվար, 2019 14:16
Մանկապարտեզի ձերբակալված տնօրենն ազատվել է արգելանքից

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը, որ ձերբակալվել էր գումար յուրացնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, ազատ է արձակվել։

Քննչական կոմիտեից մանրամասնեցին՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզի տնօրենը նախկինում դատապարտված չի եղել, չի խուսափել քննությունից, ընդունել է առաջադրված մեղադրանքն ու զղջացել, միաժամանակ կատարել է պատճառված վնասի փոխհատուցում,(20 մլն դրամ) հաշվի առնելով նաև նրա ներկայիս առողջական վիճակը՝ նա ազատվել է արգելանքից և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված աշխատավարձերի առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը յուրացնելու, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար. մասնավորապես՝ մանկապարտեզում որպես երաժշտության դաստիարակչուհի աշխատող անձից աշխատատեղը պահպանելու պայմանով առձեռն  ստացել է ամսական աշխատավարձի մի մասը, որի արդյունքում դաստիարակչուհուն պատճառվել է 795.000 ՀՀ դրամի էական գույքային վնաս։

Քննության տվյալներով, մանկապարտեզի տնօրենը, 2001 թվականից  զբաղեցնելով «Լապտերիկ»  մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, տևական ժամանակ` 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված և իրեն վստահված սննդամթերքից:

Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։

Խոհարարը, աշխատանքը չկորցնելու մտավախությունից դրդված, կատարել է մանկապարտեզի տնօրենի պահանջը. ամեն օր, ճաշացանկից կախված, առանձնացրել է սննդամթերքը, երեխաների համար կերակուրները պատրաստել ոչ լիարժեք բաղադրիչներով, և անձամբ կամ իր օգնականի միջոցով սննդամթերքը տեղափոխել տնօրենի աշխատասենյակ:

Նախնական տվյալներով՝ աշխատասենյակում կուտակվող սննդամթերքը տնօրենի կողմից պարբերաբար տեղափոխվել է մանկապարտեզից և հափշտակվել։

Քննչական կոմիտեից հիշեցնում են, որ հունվարի 17-ին, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկության արդյունքում, մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը:

Հունվարի 23-ին «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենի փաստաբանի կողմից, որպես պատճառված վնասի փոխհատուցում, ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին 20.000.000 ՀՀ դրամի մուտքագրման վերաբերյալ անդորրագիր։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին