Կարևոր իրադարձություններ

Երևանում նախատեսվում է կառուցել մետրոպոլիտենի նոր կայարան․Մեսչյան

24 Հունվար, 2019 12:38
Երևանում նախատեսվում է կառուցել մետրոպոլիտենի նոր կայարան․Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելով աշխատանքային 100 օրը։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է․«Իհարկե, այս ընթացքում որոշ բաներ ստացվեցին, որոշ խնդիրներ առաջացան, բայց կարծում եմ՝ այս 100 օրը բավականին հետաքրքիր էր»։

Երևանի գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ՝ այս ժամանակահատվածում  քաղաքաշինության ոլորտում 4200 գործ է նայվել, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ, մոտ 170 շինթույլտվություն է տրվել և 22 քանդման թույլտվություն.

«Այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, շատ ուրախ եմ, որ բավականին դրական շարժ ունենք: Դա նշանակում է, որ շատ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի ոլորտում»,- նշել է Արթուր Մեսչյանը:

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ քաղաքապետարանը նպատակ ունի կյանքի կոչել ռազմավարական 2 ծրագիր՝ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների և ճոպանուղու կառուցումը:

«Խոսքն Աջափնյակի մետրոյի 2 կայարանների մասին է: Ֆինանսական բավականին մեծ ծախսեր են՝ կապված այս կառույցների հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ կապենք քաղաքը Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա արդեն կլինի մի փոքր հետո: 2-րդ կարևոր ծրագիրը ճոպանուղին է, որը պետք է Նորքը կապի քաղաքի կենտրոնին: Ճոպանուղին շատ ավելի արագ կստացվի իրագործել, որովհետև գումարային առումով այն շատ ավելի համեստ է մետրոյի համեմատ:

Խնդիրները շատ-շատ են: Ամենակարևորը՝ ինչքանով են դրանք ռեալ, կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն և կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարևորագույն խնդիրները տանել առաջ»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

Արթուր Մեսչյանը նաև հայտնեց, որ բավականին լուրջ ծրագիր կա քաղաքային շինարարության հետ կապված և հատկապես վթարային շենքերում բնակիչներին տեղափոխելու հարցերում:

«Գտել ենք մի քանի հետաքրքիր տարբերակ: Աշխատում ենք կառուցապատողների հետ, կարծում եմ՝ հետագայում կկարողանանք Աջափնյակում, որտեղ ամենավտանգավոր գրունտներն են, սկսենք կարևորագույն խնդիրների լուծումը գտնել այնուամենայնիվ: Խոսքը տարիների մասին չէ, այլ մի քանի ամսի»,- նշեց Մեսչյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին