Կարևոր իրադարձություններ

Վորոնեժում հայկական համարանիշներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել․ կա զոհ

24 Հունվար, 2019 11:53
Վորոնեժում հայկական համարանիշներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել․ կա զոհ

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում գիշերը բախվել են Pegarus մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի միկրոավտոբուսը: Mercedes-ն ունեցել է հայկական համարանիշեր: Մեքենայի վարորդը տեղում մահացել է, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները նշել են, որ Մոսկվայի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսը 9 մարդ էր տեղափոխում, ուղևորներից մի կին և տղամարդ ստացել են մարմնական վնասվածքներ: Բժիշկների հավաստմամբ՝ տուժածների վիճակը ծանր չէ:

Մյուս ավտոբուսում եղել է 25 ուղևոր, ոչ ոք չի տուժել:

ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային վարչությունից լրատվամիջոցին հայտնել են, որ բախումը եղել է ճակատային, մայրուղու երթևեկությունը վթարից հետո չի դադարեցվել: 

Նշվում է, որ տուժածներից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից, ևս մի տղամարդ սթրեսային վիճակում է: Տուժածներից կնոջ մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում, աջ սրունքի և նախաբազկի կոտրվածք:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին