Կարևոր իրադարձություններ

«Յոթանիշ» պարգևավճարների մասին լուրերը սուտ են․ ՊԵԿ-ը պարզաբանում է

24 Հունվար, 2019 11:40
«Յոթանիշ» պարգևավճարների մասին լուրերը սուտ են․ ՊԵԿ-ը պարզաբանում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՊԵԿ-ում աշխատավարձերի ու պարգևատրումների վերաբերյալ երեկ մամուլում շրջանառվող լուրերի մասին պարզաբանում է ներկայացրել:

«Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: 

Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան: Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ  մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ  անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել: 

Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը  համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգևատրումների ընդհանուր թվային պատկերը և այս ամենը թափանցիկ է:

Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ը, ի տարբերություն մյուս պետական մարմինների,  ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, օրինակ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը:

Մյուս կողմից, հարկ  է ընդգծել, որ, օրինակ՝ 2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն: Թեև, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով և հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով և իրավակարգավորումներով ՊԵԿ-ը փորձում է նորից պարգևատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել: 

Հետևաբար 2018թ. ՊԵԿ-ը, ունենալով հնարավորություն, վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից: 

Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային և մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է,  որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է:

Հետևապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»,-ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին