Կարևոր իրադարձություններ

Ակտիվիստը հայտարարում է, որ բռնությունների է ենթարկվել ՀՅԴ-ականների կողմից.GalaTv.am

15 Հոկտեմբեր, 2015 23:30
Ակտիվիստը հայտարարում է, որ բռնությունների է ենթարկվել ՀՅԴ-ականների կողմից.GalaTv.am

ՀԱԿ անդամ, ակտիվիստ Վարդան Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ դաշնակցական երիտասարդներն իր համար «անակնկալ» էին պատրաստել՝ 5 հոգանոց խմբով դարանակալելով իրենց տան շքամուտքի մոտ, եւ որ քաշքշոց է տեղի ունեցել իրենց միջեւ, իրեն հարվածել են:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Վարդան Հարությունյանը նշեց, թե կատարված միջադեպը կապում է երկու օր առաջ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Ա. Մինասյանին ուղղած իր հարցի հետ: Հիշեցնենք, նա պատգամավորին մասնավորապես հարցրել էր. «Պարոն Մինասյան, ձեր գործընկեր և գաղափարական ընկեր Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում մի անգամ Հրայր Թովմասյանին ասաց «չ….խ», չեք համարո՞ւմ, որ «չ….խ»-ի գրած Սահմանադրությանը «կողմ» քվեարկելով դուք էլ եք «չ….խություն» անում»:

«Չեմ իջնի էդ մակարդակին… Մալխասյանցի բառարանում էդ նմանի վերաբերյալ էլ շատ բառեր կան, բայց չեն հնչեցվում։ Այլ՝ ավելի հետաքրքիր բառեր»,- արձագանքել էր Մինասյանը:

Մեզ հետ զրույցում ակտիվիստն ասաց, որ կատարվածի առնչությամբ առանձնակի քայլեր չի ձեռնարկել, քանի որ ավելի լուրջ գործով է զբաղված. «Այս պահին ոչ մի բան դեռ չեմ նախաձեռնել, չեմ պատրաստվում, քանի որ զբաղված եմ այլ գործերով՝ կապված «Ոչ»-ի քարոզարշավի ու Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացի հետ: Սա ճնշում կարելի է համարել, բայց դա իմ համար ոչինչ չի նշանակում»,- ասաց նա:

Ակտիվիստից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չկա՞, որ քայլեր չձեռնարկելու դեպքում միջադեպը կկրկնվի. «Հնարավորություն կա, բայց չեմ կարծում, որ էլի կգնան նմանատիպ քայլերի, քանի որ արդեն շատ բան է հրապարակվել, կա նաեւ իրենց քաղաքական վարկանիշի խնդիր, որի համար չեմ կարծում, որ իրենք կդիմեն այդպիսի քայլերի, ընդհանրապես իրենց մեջ կան մարդիկ, որ լավ խելացի մտածում են ու ամեն ինչ չեն դնի մի կողմ ու անցնեն փողոցային մարտերի»:

Նշենք, որ «Ազատության» հետ զրույցում Ա. Մինասյանն ասել էր, որ  ակտիվիստի խոսքերին անլուրջ է վերաբերվում, կարձագանքեն միայն, եթե «Ոչ»-ի ճակատը կամ էլ ՀԱԿ-ը հայտարարություն անեն:

Անդրադառնալով Ա. Մինասյանի այս հայտարարությանը, Վ. Հարությունյանը նշեց. «ՀԱԿ-ը չեմ կարծում, որ արձագանքի, կամ «Ոչ»-ի ճակատը, քանի որ չեմ կարծում գլխավոր խնդիրը թողած անցնեն երկրորդական հարցերի, դրա համար ավելի ճիշտ է մտածել մեր հետագա քայլերի մասին իշխանության դեմ պայքարում ու ոչ թե ինչ-որ փողոցային մարտերի վրա հենվել: Փորձը ցույց է տվել, որ այս եւ մյուս այլ դեպքերը, օրինակները հակառակ ազդեցությունն են ունենում, որ դրանցով ոչ թե վախեցնում են, այլ հակառակը՝ դրանով մարդկանց իրենց դեմ են հանում»,- եզրափակեց ակտիվիստը:

Հերմինե Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին