Կարևոր իրադարձություններ

20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար

22 Հունվար, 2019 20:14
20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ Երևանում գործող սուպերմարկետում զենքի գործադրմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 17-ին` ժամը 02:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ մուտք է գործել Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող սուպերմարկետ, որտեղ ի ցույց դնելով իր մոտ առկա ատրճանակը, ինչպես նաև սպառնալով պայթեցնել իր մոտ գտնվող պայթուցիկ սարքը,սուպերմարկետի աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պահանջել է իրեն հանձնել դրամարկղում առկա ողջ գումարը, սակայն մի քանի րոպե անց դիմել է փախուստի՝ առանց որևէ բան հափշտակելու:

Դեպքի առթիվ 2019 թվականի հունվարի 17-ին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են նշված սուպերմարկետում գործող տեսախցիկների տեսագրառումները, հարցաքննվել վկաներ:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին: 2019թ. հունվարի 20-ին վերջինս ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին