Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում ապօրինի անտառահատման դեպքեր են գրանցվել

22 Հունվար, 2019 13:50
Սյունիքի մարզում ապօրինի անտառահատման դեպքեր են գրանցվել

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Հալիձոր բնակավայրի երկու եւ Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ:

Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը 2018թ. սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիք անտառտնտեսություն» մասնաճյուղի «Գորիս» անտառպետության պահաբաժիներից մեկի անտառամասում ապօրինի հատել է 14 ընկուզենի, 4 բոխի, 2 թխկի եւ 1 կեռասենի արգելված ծառեր՝ բնությանը պատճառելով առանձնապես խոշոր՝ ընդհանուր 3.981.000 ՀՀ դրամի վնաս:

Հատված ընկուզենիներն անտառամասից ձիով դուրս է բերվել Հալիձորի «Կալ» կոչվող տեղանք,  ավտոմեքենայով տեղափոխվել Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայր՝ «ՍԷԿՆԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տարածք:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի ցուցումով հունվարի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել քննիչին:

Ավելի վաղ՝ հոնվարի 11-ին,  բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված գրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնիններից մեկի անտառամասում ապօրինի ծառահատմամբ բուսական աշխարհին պատճառվել է 4․639․500 դրամի վնաս:

Մասնավորապես՝ 2018թ. նոյեմբերի 21-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին են ստացվել անտառխախտման մի քանի արձանագրություններ, համաձայն որոնց նույն մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնի  անտառամասերում հատվել են ընդհանուր 66 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրի զննություններ, արձանագրվել է ծառերի ապօրինի հատումը, ինչպես նաեւ ճշտվել  են տարածքի կոորդինատները։

2018թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչություն եւ քննիչի կողմից ընդունվել է վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին