Կարևոր իրադարձություններ

Տնտեսության թռիչքը հետաձգվում է. Ո՞ւմ եւ ինչի՞ է սպասում կառավարությունը. «168 ժամ»

22 Հունվար, 2019 09:59
Տնտեսության թռիչքը հետաձգվում է. Ո՞ւմ եւ ինչի՞ է սպասում կառավարությունը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանն ասում է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կգտնվի 5,2-5,3 տոկոսի սահմաններում։ Սա, անշուշտ, փոքր-ինչ բարձր է պետական բյուջեով պլանավորված 4,9 տոկոս ցուցանիշից։ Բայց արդյո՞ք դա թռիչքաձեւ աճ է, որի մասին ոչ վաղ անցյալում հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսական աճի այն ակնկալիքները, որը հաջորդ տարվա համար ունի կառավարությունը, շատ հեռու են թռիչքային լինելուց։ Ժամանակին 2019թ. համար ճիշտ նույնպիսի կանխատեսում ունեին նաեւ նախկին իշխանությունները, թեեւ նրանք երբեւէ չէին խոսում թռիքաձեւ աճի մասին։

Ստացվում է, որ տնտեսական աճի վերաբերյալ նախկին ու ներկա իշխանությունների տեսակետներում ոչինչ չի փոխվել։ Եվ դա պատահական չէ։

Տնտեսության թռիչքաձեւ աճի մասին հայտարարությունները, որոնք ի հայտ եկան խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, ոչ այլ ինչ էին, քան հասարակության շրջանում դրական սպասումներ ձեւավորելու փորձ։ Մի բան, ինչը միանշանակ հաջողվեց։ Սակայն դրա եւ բազմաթիվ այլ չիրականացրած խոստումների պատճառով այսօր կառավարությունը կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առջեւ։ Չպատճառաբանված եւ չհիմնավորված հայտարարությունների հետեւանքով կուտակվել են չափազանց բարձր սպասումներ, որոնք հեռու են իրականանալուց։ Ու դա սկսել է սպառնալ թավշյա հեղափոխությանն ու անձամբ դրա առաջնորդի հեղինակությանը։

Այս տարվա տնտեսական զարգացման ակնկալիքները վկայում են, որ կառավարությունն ինքը չի հավատում իր հայտարարած թռիչքաձեւ աճին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ սպասվող ՀՆԱ 5,2 կամ 5,3 տոկոս ավելացումը գրեթե համարժեք է անցած տարվա ցուցանիշին։ Չնայած դեռեւս չեն հայտարարվել 2018թ. տնտեսական աճի արդյունքները, այնուհանդերձ, կանխատեսումները 5 տոկոսի սահմաններում են։

Ի դեպ, այն բավականաչափ ցածր է նախորդող տարվա տեմպից։ Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց վերջին տարիների համար ռեկորդային բարձր`  7,5 տոկոս տնտեսական աճ։ Բայց անգամ այդ ժամանակ խոսք չեղավ տնտեսական թռիչքի մասին։ Ու հիմա, չնայած այս տարվա ակնկալիքները շատ ավելի համեստ են 2017թ. համեմատ, կառավարությունը թռիչքաձեւ զարգացումների ու տնտեսական հեղափոխության մասին է խոսում` շարունակելով ջուր լցնել հասարակության սպասումների վրա։

Այլեւս պարզ է, որ մոտ ապագայում նման հույսեր չպետք է փայփայել։ Տնտեսական թռիչքը հետաձգվում է։ Թեեւ ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Ու դեռ հարց է, թե դրա համար ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի։

Մոտակա ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ զարգացումների հեռանկարներ չեն տեսնում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Մասնավորապես, Համաշխարհային բանկն այս տարվա համար սպասում է ընդամենը 4,3 տոկոս տնտեսական աճ։ Հաջորդ երկու տարվա կանխատեսումը 4,6 տոկոս է։ Գուցե վատ ցուցանիշ չէ, բայց եւ այնպես, շատ հեռու է թռիչքային լինելուց։

Փոխանակ մտածելու ներդրումների իրավական պաշտպանվածության ամրապնդման, ներդրողների շրջանում առկա մտահոգությունների փարատման, կորսված վստահության վերականգնման, ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ կառավարությունը զբաղված է թիթեռ նկարելով։

Պարզ չէ՞, որ նման պայմաններում ներդրումային մեծ հոսքեր, որոնք այդքան անհրաժեշտ են Հայաստանի տնտեսությանը, ոչ միայն տնտեսական թռիչք, այլեւ ընդհանրապես աճ ապահովելու համար, չեն լինելու։

Ո՞ւմ եւ ինչի՞ է սպասում կառավարությունը, պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին