Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանը ձնամաքրիչ նոր մեքենաներ ունի

21 Հունվար, 2019 19:07
Քաղաքապետարանը ձնամաքրիչ նոր մեքենաներ ունի

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք նաև աղ ու ավազ ցանելու համար են նախատեսված: Տարվա տաք եղանակներին էլ կարող են ծառայել որպես ջրցան մեքենաներ՝ ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:

Մեքենաներն ունեն ժամանակակից «Եվրո 5» չափորոշիչի շարժիչներ, որոնք կրճատում են վնասակար արտանետումները: Հատուկ տեխնիկան ունի նաև ավտոմատ կառավարման ռեժիմներ:

Մայրաքաղաքի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վերջին ժամանակահատվածում տարբեր պատճառներով բավարար չի իրականացնում իր գործառույթները, որոնցից մեկն էլ մեքենաների անսարք լինելն է: Երաշխավորված սանմաքրում ունենալու համար քաղաքը ձեռք է բերել իր սեփական տեխնիկան: Վերջին 25 տարում, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է աղբահանության և սանմաքրման իր սեփական հավաքակայանն ունենում:

 «Սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու: Առաջիկայում համայնքը կունենա նաև աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան: Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»,- նշել է Հայկ Մարությանը:

Մաքրություն՝ ողջ տարվա ընթացքում. ավտոարտադրող ընկերության այս կարգախոսով առաջնորդվելով էլ հատուկ տեխնիկան շուտով կհայտնվի երևանյան փողոցներում:

 

Լրահոս

Դիտել ավելին