Կարևոր իրադարձություններ

Թավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգեւատրման տեսքով. Զարուհի Փոստանջյան

21 Հունվար, 2019 16:45
Թավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգեւատրման տեսքով. Զարուհի Փոստանջյան

Հանրային իշխանությունների ներկայացուցիչների վարձատրությունը հանրային գումարներից` պետական բյուջեից չի կարող լինել կամայական եւ առանց oրենքով նախատեսված հիմքի: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ներկայիս գործադիր իշխանության ղեկավար` Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իբրեւ Հայաստանում կոռուպցիա չկա, մինչդեռ նրա կողմից նշանակված մարզպետները եւ նրա կողմից ըստ էության նշանակված Երեւանի քաղաքապետը կատարել են գործողություններ, որոնք բնութագրվում են որպես կոռուպցիոն գործարքներ:

Թավշյա կոռուպցիայի երկու դեպքերի նկարագրությունը, որոնցից մեկը առընչվում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարված գործողությանը` քաղաքապետարանի աշխատակիցներին պարգեւատրումների տեսքով վարձատրելուն, իսկ երկրորդը մարզպետների կողմից իրենց եւ իրենց աշխատակիցներին պարգեւատրումների տեսքով վարձատրությանը վկայություն է Հայստանում կոռուպցիայի իրողության մասին ամենաբարձր մակարդակով:

Հայկ Մարությանի դեպքում դեռ պարզ չէ նա ում է պարգեւատրել, որքան եւ ինչ սկզբունքով (Հայկ Մարությանը պարգեւատրված անձանց անունները, նրանց տրված գումարի չափը գաղտնի է պահում): Հայկ Մարությանի կողմից կատարված գործողության իրավակարգավորումը պետք է տեղի ունենար Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքով եւ  Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով, մինչդեռ այս ընթացակարգերի պահպանման վերաբերյալ Հայկ Մարությանը ապացույց չի ներկայացրել: Նրա կողմից կատարված պարգեւատրումների վերաբերյալ օրենքով նախատեսված ինչ չափանիշ  է կիրառվել պարզ չէ:

Երկրորդ դեպքում` մարզպետների գործողությունները որպեսզի կրեն օրինական բնույթ. նրանք պետք է` պետական պաշտոն զբաղեցնող անձին (հանրային ծառայողին) պետական բյուջեից` այսինքն հանրային միջոցներից տրամադրեն պարգեւատրում օրենքով նախատասված հիմքով: Տվյալ դեպքում մարզպետները պետք է ղեկավարվեին  Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, որը սահմանում է հետեւյալը. Պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի)  գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Մինչդեռ պարգեւատրում ստացած անձանց ծառայողական գործունեության  կատարողականի գնահատականը, նրանց կողմից հատուկ առաջադրանքներ եւ որակյալ գործունեության արդյունքը արձանագրված չէ:

Համաձայն` Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի Պետական ծառայողը պարգեւատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս: Մարզպետների կողմից թավշյա կոռուպցիայի հետեւանքով պարգեւատրում են ստացել անձինք, ովքեր հանրային ծառայության մեջ են եղել մեկ կամ երկու ամիս, այսինք պակաս քան կես տարի` ինչը պահանջում է օրենքը:

Օրինականության սկզբունքի ոտնահարմամբ հանրային գումարների կառավարումը, եւ նախորդ իշխանության ժամանակ, եւ այսօր  արձանագրում է չարաշահումներ, որը բնութագրվում է, հանրային միջոցների յուրացում` կոռուպցիա, պետության կառավարման բարձր օղակներում:

Ցավալի է, սակայն փաստ, 2018  թվականի ապրիլյան Մեծ Համահայկական ընդվզումից հետո էլ կոռուպցիան Հայաստանում շարունակում մնալ պետական կառավարման բարձր մակարդակում:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կառավարման շուրջ 9 ամսյա գործունեությունը եւ մեղադրում նրան  Հայաստանում գործող շուրջ քառորդդարյա բռնապետական համակարգի շարունակականությունը ապահովելու հանցագործության մեջ, որը տեղի է ունենում նաեւ պետական կառավարման բարձր մարմիններում կոռուպցիոն գործարքների իրականցման միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին