Այսօր ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ըստ այդ նույն տեղեկությունների՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018 թվականին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումներ։
Ոստիկանները, իսկ հետո Էրեբունու քննիչները հսկայածավալ օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ փաստեր են հայտնաբերել, ինչն էլ հիմք է դարձել, որ այսօր տնօրեն Գ. Գովհաննիսյանը ձերբակալվի։ Տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։
Քննիչները պարզել են նաև, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։ Կայքի տեղեկություններով՝ հիմնավորվել է նաև այն, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված իրեն վստահված սննդամթերքից: