Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունը դեռ կալանավայրեր չի հասել․ Վարդան Հարությունյան

19 Հունվար, 2019 11:26
Հեղինակ՝ Վարդան Հարությունյան
Հեղափոխությունը դեռ կալանավայրեր չի հասել․ Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանը, ով հանցագործությունների ու սպանությունների մասնակից էր, մի քանի օր առաջ կալանավայրում մահացավ։ Նրանից առաջ մահացավ Սողոմոն Քոչարյանը։ Ճիշտ է, մահից առաջ ազատ արձակվեց, բայց ազատության մեջ չապրեց։Այս մարդկանց գործած հանցանքը մեծ էր։ Նրանք այրուն էին հեղել, մարդկային կյանք էին խլել։ Մարդասպանությունը ամենալուրջ հանցագործություններից է, արդարացում չունի, և մարդասպանը պետք է պատժվի։ Բայց ո՞վ վստահորեն կկարողանա պնդել, թե կալանավայրում անցկացրած նրանց 20 և ավելի տարիները՝ նրանց թափած այրան դիմաց բավարար պատիժ չէ։ Կա՞ մեկը, ով գիտի ու կպատկերացնի, թե ինչպիսին են եղել նրանց այդ 20 և ավելի տարիները։ Ինչ ապրումների, ինչ վերանայումների ու ինչ ամենօրյա տառապանքների տարիներ են եղել։

Երեկ էլ մերժել են ցմահ ազատազրկված և արդեն 21 տարի կալանավայրում գտնվող Արմեն Տեր-Սահակյանի վաղակետ ազատ արձակումը։ Հայտնի չէ, թե ինչու են մերժել։ Մերժել են և վերջ։ Առանց հաշվի առնելու, որ վաղակետ ազատ արձակման բավարար հիմքեր կան։ Հիմա նա արդեն տեղյակ էլ չի, թե քանի տարի դեռ պետք է բանտում մնա։

Ցմահ ազատազրկվածների շուրջ վերջերս բարձրացված արհեստական աղմուկից պարզ էր, որ մերժումներ են լինելու։ Հեղափոխությունը դեռ կալանավայրեր չի հասել։ Դեռ մարդասիրության սահմանը չի հատել։ Այս բնագավառում հեղափոխության շունչը դեռ չկա։

Գործած մեղքի ողջ ծանրությունը 20 և ավելի տարիների յուրաքանչյուր օր անընդհատ զգացած, այդ մեղքով ու այդ բեռով ապրած մարդուն/մարդկանց մերժում են ու, ամենայն հավանականությամբ, դեռ կմերժեն։ Խոսքս առաջին հերթին իրենց հանցանքը ընդունած ու խորապես զղջացած մարդկանց մասին է։

Մերժում են առանց հասկանալու, թե ինչ է նշանակում ՑՄԱՀ կալանավոր մնալ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին