Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է ընտանի կենդանիների համար տուրքի վերաբերյալ օրենքը մեծ աղմուկ բարձրացրել

18 Հունվար, 2019 16:39
Ինչու՞ է ընտանի կենդանիների համար տուրքի վերաբերյալ օրենքը մեծ աղմուկ բարձրացրել

«Առնվազն 2016 թվականից օրենքով սահմանված է՝ ընտանի կենդանիների համար պետէ է վճարել 5000 դրամ: Այն  գործել է մի քանի տարի շարունակ և, եթե օրենքը պահանջում է սահմանել տուրք տնային կենդանիներ պահելու համար, Երևանի ավագանին պետք է սահմանի այդ տուրքը»,- Shabat.am –ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու որոշմանը այն մասին, որ վարչական տարածքում կենդանիներ պահելու թույլտվության համար օրացուցային տարվա տեղական տուրքը յուրաքանչյուր տնային կենդանու համար սահմանվում է 5000 դրամ։

Հակոբ Կարապետյանն ընդգծեց, որ սա գործող քաղաքային իշխանության նորամուծությունը չէ: Խոսելով այս հարցի շուրջ բնակիչների և քաղաքագետների բողոքների մասին, Հակոբ Կարապետյանը նշեց.

«Ես քաղաքագետների կենդանասիրական գրառումները չեմ ուզում մեկնաբանել: Կարծում եմ՝ դա մի բաժակ ջրում փոթորիկ ստեղծելու փորձ է: Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ հանրությանը քաղաքագետ ներկայացող մարդը դժվարանում է բացել Հայաստանի օրենսդրությունը և այլ իրավական ակտերը ուսումնասիրել և հասկանալ, որ տնային կենդանիներ պահելու մասին տեղական տուրքը Երևան քաղաքում գործում է արդեն մի քանի տարի: Իսկ բնակիչների բողոքների մասով՝ Հայաստանը ազատ և ժողովրդավար երկիր է և ցանկացած հարցի վերաբերյալ մարդիկ կարող են իրենց օրինական բողոքը արտահայտել»,-նշեց Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով, սա կարող է լինել կա՛մ պարզ անտեղյակության, կա՛մ միտումնավոր հանրությանը մոլորության մեջ գցելու փորձեր:

«Եթե դա պարզ անտեղյակություն է, այս պարզաբանումը, կարծում եմ, բավարար կլինի: Եթե միտումնավոր մոլորության մեջ գցելու փորձ է, կարծում եմ՝ այս դեպքում ցանկացած պարզաբանում և օրենսդրությանը կատարվող հղում անիմաստ է»,- ասաց նա:

Shabat.am-ը այս առիթով զրուցեց նաև «Դինգո թիմ» կենդանապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանի հետ:

Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ նման որոշումը կա դեռ 2009 թվականից, ուղղակի որոշման մեջ տուրքերի մասով օրենքում միշտ եղել է 0-5000 դրամ, այսինքն նաև հնարավորություն է եղել տուրքը գրել 0 դրամ: 2016 թվականին, սակայն, այդ տուրքի մասին օրենքը փոխվել է և հիմա դարձել է միայն 5000 դրամ, այսինքն զրոյացնելու մասին օրենքը թույլտվություն փաստացի չի տալիս:

«Անցյալ տարվա տվյալներով 2,5 մլն. դրամի տուրք է գանձվել: Պաշտոնական տվյալներով մոտ 500 հոգի տուրքը վճարել է»,-վստահեցրեց նա:

Հարցին,  թե հնարավո՞ր է, որ սա պատճառ դառնա, որպեսզի մարդիկ հրաժարվեն ընտանի կենդանիներից և կենդանիները փողոցում հայտնվեն, Օվսաննա Հովսեփյանը պատասխանեց.

«Իմ կարծիքով, եթե մարդ պետք է տարեկան 5000 դրամի համար հրաժարվի կենդանուց, նման մարդը իր կենդանուց կհրաժարվի ցանկացած առաջիկա դժվարության պահին, եթե նույնիսկ այդ տուրքը չլինի:»-ասաց նա:

Նրա խոսքով, սա այն թիվը չի, որը կհանգեցնի կենդանիներից հրաժարվելուն:

«Խնդիրն այն է, որ տուրք լինելու դեպքում պետք է նաև լինեն որոշակի գործողություններ, որպեսզի մարդիկ հասկանան, որ վճարելով՝ նպաստում են այդ ոլորտի զարգացմանը: Ես չեմ կարծում, որ տարեկան 5000 դրամը այքան մեծ գումար է, որի համար մարդիկ կհրաժարվեն իրենց կենդանիներից»,- եզրափակելով իր խոսքը՝ ասաց Օվսաննա Հովսեփյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին