Կարևոր իրադարձություններ

Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ

18 Հունվար, 2019 16:22
Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ

Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր  «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում:

Անընդունելի համարելով ՄԻԵԴ-ում գործերի քննության ընթացակարգերից հանրային լայն շրջանակների ոչ բավարար տեղեկացված լինելու իրողությունից օգտվելով հանրային թյուրընկալումներ ձևավորելու նման գործելակերպը՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պազաբանել, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տևական փորձ ունեցող իրավաբաններին չի կարող հայտնի չլինել, որ Եվրոպական Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնով նախատեսված կարգով միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության (interim measures) բավարարումը ուղղված է «վարույթի պատշաճ ընթացքի ապահովմանը» և   որևէ կերպ չի կարող դիտվել որպես դիմումատուի իրավունքի խախտման փաստի արձանագրում: Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոցների կիրառումը բավականին տարածված է Եվրոպական դատարանի պրակտիկայում, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի անդամ այլ պետությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ստացված գանգատների քննության ընթացքում:

Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության բավարարման վերաբերյալ հունվարի 17-ի որոշմամբ եվրոպական դատարանը, առանց որևէ իրավունքի խախտման փաստի արձանագրման, պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում  է իր առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում:

Եվրոպական դատարանի կողմից ներկայացված դիտարկումները և, ընդհանուր առմամբ, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը ինչպես նախքան միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են  ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին