Կարևոր իրադարձություններ

«Մեր գյուղերում բոլոր դպրոցները չպետք է զիջեն Երևանի կենտրոնի դպրոցներին»

17 Հունվար, 2019 22:00
«Մեր գյուղերում բոլոր դպրոցները չպետք է զիջեն Երևանի կենտրոնի դպրոցներին»

Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարության հետ այժմ մշակվում է բևեռային քաղաքների զարգացման մի ծրագիր, որով պետք է ամեն մարզում ընտրվեն 1-2 քաղաքներ, որոնք կստանան հատուկ կարգավիճակ ու կկարողանան արագ զարգանալ՝ իրենց հետևից տանելով նաև հարակից բնակավայրերը։ Այս մասին այսօր խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այդ քաղաքներին պետք է ուղղվեն պետական սուբվենցիաներ, արտոնություններ, գումարներ, որպեսզի դրանց զարգացման տեմպը զգալի տարբերվի մյուսներից ու դրանք կարողանան դառնալ տարածաշրջանային կենտրոններ։

«Բայց տնտեսական զարգացումը կարող ենք համարել ապագա զարգացման առանցք, առանցքային գործոն, բայց ոչ միակը։ Մենք պետք է մտածենք նաև որակյալ կրթության մասին, առողջապահության մասին և այլն։ Դա նշանակում է, որ մեր գյուղերում բոլոր դպրոցները իրենց տեխնիկական և մասնագիտական հագեցվածությամբ չպետք է զիջեն Երևանի կենտրոնի դպրոցներին։ Մեր շրջանների հիվանդանոցները չպետք է զիջեն Երևանի հիվանդանոցներին։ Ինչպե՞ս մենք կհասնենք դրան, սա հարցի մյուս կողմն է, որովհետև ճանապարհները շատ են, մենք պետք է քննարկենք այդ ճանապարհները», – ասաց Կարապետյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին