ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով գումարի հափշտակության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել բանկի նախկին աշխատակցին: Այս մասին տեղեկացնում է ՔԿ լրատվական ծառայությունը։
Քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը՝ «Զարգացման Հայկական Բանկ» և «Արարատբանկ» ԲԲ ընկերությունների միավորման, մասնավորապես` բանկերի ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգերի ինտեգրացիայի փուլում, փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել։
Նշված գրավոր կարգադրության հիման վրա՝ գումարը փոխանցվել է մտերմուհու իրական հաշվին, որից հետո պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը նույն եղանակով ՀԾ բանկ համակարգչային ծրագրի համակարգում հետ է խմբագրել հաճախորդի տվյալները և հաշիվը կրկին դարձրել նրա անվամբ։ Սակայն հափշտակությունն ավարտել չի հաջողվել, քանի որ «Արարատբանկ» ԲԲ ընկերության աշխատակիցները նկատել են կատարված ապօրինի խմբագրումները և նշված գումարը հետ փոխանցել իրական հաճախորդի հաշվին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ բանկի նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: