Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է Գետափ գյուղում կատարված ավազակային հարձակման 4-րդ կասկածյալը

17 Հունվար, 2019 19:32
Հայտնաբերվել է Գետափ գյուղում կատարված ավազակային հարձակման 4-րդ կասկածյալը

Ոստիկանները հայտնաբերել են Գետափ գյուղում կատարված ավազակային հարձակման 4-րդ կասկածյալին:

Ավելի վաղ  հայտնել ենք, որ դեկտեմբերի 26-ի երեկոյան Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Տուժողներն ամուսիններ էին: Չորս հոգի դիմակավորված մտել էին տուն, ծեծել նրանց, կապել ննջարանում, դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ տնից հափշտակել կես միլիոն դրամ, խմիչքներ, համակարգիչ, բջջային հեռախոս ու պլանշետ:

Կատարվածի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկացան կեսգիշերն անց` օպերատիվ կառավարման կենտրոնից:

Րոպեներ անց օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր: Հարձակման հետեւանքներն ակնհայտ էին: Տունն ամբողջությամբ տակնուվրա էին արել: Իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը, տուժողներից հաղորդում վերցրին:

Որոնողական աշխատանքների ընթացքում, տնից ոչ հեռու, քրեական հետախույզները դիմակներ հայտնաբերեցին, ավել ուշ` նաեւ գողոնը:

Համապատասխան միջոցառումներից հետո, քրեական հետախույզները դեկտեմբերի, ժամը 6.30-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Եղեգնաձորի Միկոյան փողոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկեցին նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, Լոռու մարզի բնակիչներ Արեն Սարգսյանին եւ Բագրատ Ասոյանին:

Կասկածյալները ձերբակալված են:

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հունվարի 13-ին, ժամը 15.30-ին ոստիկանության Եղեգնաձորի, Բազումի եւ Սպիտակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքում հայտնաբերվել եւ Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1984 թ. ծնված Արմենակ Մկրտչյանը, որը ձերբակալվել է:

Իսկ արդեն հունվարի 14-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունվարի 14-ին, ժամը 21.20-ին, Եղեգնաձորի եւ Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սպիտակ քաղաքում հայտնաբերվել եւ Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1987 թ. ծնված Վահե Մելոյանը, որը ձերբակալվել է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին