Կարևոր իրադարձություններ

Ջրառատի բնակիչները պատանդ են վերցրել մարզպետարանի երկու աշխատակցի

17 Հունվար, 2019 17:18
Ջրառատի բնակիչները պատանդ են վերցրել մարզպետարանի երկու աշխատակցի

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել մարզպետարանի երկու աշխատակցի և համայնքի բնակիչների միջև։ Բնակիչները պահանջում են, որ համայնքապետ Սամվել Գալստյանը հրաժարական տա։

Նախ նշենք, որ Ջրառատի համայնքապետը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ որդին է, որը պարբերաբար սկանդալների կիզակետում է հայտնվում։

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ Ջրառատ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով Գալստյանի հրաժարականը։

Պարզվում է՝ համայնքապետը, մարզպետարանին ապացուցելու համար, որ ստորագրությունները կեղծ են, համայնքապետարան էր հրավիրել երկու աշխատակցի և շուրջ 10 հոգու իր ընկերներից, որպեսզի նրանք «գովերգեն» համայնքապետին, և Գալստյանի «առաքելությունը» համարվի կատարված։ Սակայն բնակիչներն, իմանալով Գալստյանի քայլի մասին՝ շրջափակել են համայնքապետարանը և մարզպետարանի երկու աշխատակիցների հետ վեճի բռնվել։ Բանը հասել է ծեծկռտուքի։

Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Գալստյանը միջադեպից առաջ անմիջապես հետո լքել է համայնքը և բնակիչներն էլ, ի նշան բողոքի՝ իրենց մոտ են պահում մարզպետարանի երկու աշխատակիցներին։

Բնակիչներն այս պահին պահանջում են, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գա և խնդրին լուծում տա։

Հավելենք, որ այս պահին մի խումբ ջրառատցիների աջակիցներ ուղևորվում են Ջրառատ։

 

Լրահոս

Դիտել ավելին