Կարևոր իրադարձություններ

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը վերսկսվել է

17 Հունվար, 2019 12:15
Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը վերսկսվել է

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Այս գործով դատական նիստը մեկնարկել եւ հետաձգվել էր հունվարի 11-ին։

Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Գլխավոր դատռախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Արմեն Գեւորգյանի պաշտպանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին