Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Արդյո՞ք Իրանն Արցախը համարում է ադրբեջանական տարածք

17 Հունվար, 2019 11:05
Արդյո՞ք Իրանն Արցախը համարում է ադրբեջանական տարածք

Ադրբեջանական լրատվական կայքերը նախօրեին գրել էին, թե Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: 

«Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ հայտարարել էր Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարը:

Այս առիթով Shabat.am-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ. Վերջինիս խոսքով՝ Իրանի պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ որպես հիմք պետք է ընդունել իրանական լրատվական գործակալությունների նյութերը և պաշտոնական հաղորդագրությունները: Ադրբեջանական կողմը, հատկապես վերջին շրջանում, փորձում է սրել հայ-իրանական հարաբերությունները

«Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից՝ պարոն Բաղերին խոսել է Իրանի կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ: Այս ձևակերպումը բնորոշ է դիվանագիտական լեզվին և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռևս չի ենթադրում Արցախի՝ այդ տարածքային ամբողջական մաս կազմելու հանգամանք: Սա նաև իրավական առումով է այդպես. Արցախը երբեք չի եղել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության մաս»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը:

Նա նաև նշեց, որ դրանից ավել ցանկացած տեղեկատվություն, որը տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցներում և Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, չի կարելի արժանահավատ համարել, քանի որ նման տեղեկատվություն իրանական աղբյուրները այս պահի դրությամբ չեն փոխանցել:

Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ սա կապ չունի նաև հայ-իրանական հարաբերությունների մասով հայկական կողմից հնչած որևէ հայտարարության հետ (խոսքը, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-իրանական սահմանը փակելու հայտարարությունների, ինչպես նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ Իրանը ավտորիտար երկիր անվանելու մասին է):

«Իրանի պաշտոնյաները Ադրբեջան այցելելիս որպես կանոն տարածքային ամբողջականության հանգամանքը նշում են, դա բխում է նաև Իրանի շահերից: Իրանը բազմազգ պետություն է և մերձավոր արևելքում այն պետություններից է, որը շահագրգիռ է  Սիրիայի ամբողջականության պահպանման, Իրաքի ամբողջականության պահպանման հարցում: Հետևաբար այդ դիրքորոշումն է ձևավորում նաև Իրանի ընդհանուր քաղաքական հայեցակարգում և չեն միացնում Արցախի հիմնախնդրին»,- ասաց իրանագետը:

Նրա հավաստմամբ՝ Արցախի հիմնախնդիրը իրանցիների համար ունի կարևորագույն նշանակություն և այդ համատեքստում իրանցիները չեն դադարում ոչ բարձրաձայն հայտարարությունների մակարդակով պահպանել այն դիրքորոշումը, համաձայն որի՝ որքան ադրբեջանա-իրանական սահմանը բարդ լինի, այնքան դա օգուտ է Իրանին: Հայկական ուժերի ներկայությունը Արցախի Հանրապետության և Իրանի սահմանին ապահովում է նաև Իրանի հյուսիսային հատվածի անվտանգությունը: Հետևաբար, այս առումով դիրքրոշման որևէ փոփոխություն տեղի չի ունեցել , ուղղակի ադրբեջանական կողմը պարբերաբար փորձում է սուտ լուրերով ազդել հայ-իրանական օրակարգի վրա, իսկ այդ օրակարգը մենք պետք է պահպանենք աչքի լույսի պես»,- ասաց իրանագետը՝ հավելելով, որ Հայաստան-Իրան հարաբերությունները կենսական նշանակություն ունեն թե’ մեր, թե՛ Իրանի համար և երկու կողմերն էլ պետք է լուրջ և զգույշ մոտենան այդ հարաբերություններին:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին