Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը մեկնաբանել է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը

16 Հունվար, 2019 14:55
 ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը մեկնաբանել է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az  կայքին՝ պարզաբանելով Ադրբեջանի օդանավակայաններում ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի հետ կապված ՌԴ ԱԳՆ-ից ստացած երկտողի մասին լուրն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խիստ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը:


Ըստ Բյուլբյուլօղլիի՝ ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում, այն է՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչին Ռուսաստանը «պետք է օգնի»:

«Ռուս գործընկերները հաճախ հարցնում են, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ իրավիճակից ու ինչ է պետք անել: Ես միշտ պատասխանում եմ, որ պետք է հնարավորինս շուտ կարգավորել հակամարտությունը արդարացի հիմքի ու միջազգային իրավունքի հիման վրա, և բոլոր խնդիրներն ինքնըստինքյան կանհետանան»,- ասել է Բյուլբյուլօղլին՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի «օկուպացիոն քաղաքականությանը վերջ դնելու համար»:

Նա տեղեկատվական արտահոսք է անվանել ՌԴ ԱԳՆ-ից ստացած երկտողի մասին լուրը, որը տարածվել է ռուսական լրատվամիջոցներով՝ շեշտելով, որ դիվանագիտական պրակտիկայում դա ընդունված գործելաոճ չէ:

«Զարմացնում է նաև, որ տարածված տեղեկատվության մեջ ասվում է խնդիրը կարգավորելու մասին ադրբեջանական կողմի ինչ-որ հավաստիացումների մասին: Հարց է առաջանում. ո՞ւմ նկատի ունեն՝ ասելով ադրբեջանական կողմ, քանի որ ես անձամբ որպես դեսպան որևէ հավաստիացումներ ոչ ոքի չեմ տվել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մամուլի խոսնակի միջոցով արտահայտել է իր դիրքորոշումը»,- ասել է նա:

«Իսկապես ռուսական կողմը տարբեր մակարդակներով ոչ մեկ անգամ բարձրացրել է տվյալ հարցը: Այս հարցում իմ երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարել է, որ տվյալ կարգավորումները մտցվում են կոնկրետ խմբի մարդկանց նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքացիությունից»,- նշել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ հավելելով, որ դա կապ ունի «Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացիայի» հետ և առաջին հերթին բխում է իրենց իսկ անվտանգության շահերից: 



 

Լրահոս

Դիտել ավելին