Կարևոր իրադարձություններ

Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկելու.Հրանտ Մարգարյան

16 Հունվար, 2019 13:50
Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկելու.Հրանտ Մարգարյան

Ղարաբաղյան հարցի սառեցման ռազմավարությունը սկսում է փոխարինվել գերտերությունների հակամարտությամբ պայմանավորված` Միջերկրականից մինչև Կասպիականն ընկած տարածաշրջանում ուժերի վերադասավորմամբ, ինչն իր հիմքում ունի մի կողմից՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, իսկ մյուս կողմից՝ հակաիրանական ճակատ ձևավորելու նպատակադրումներ։ Այդ մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ։

Ներկայացնում ենք նրա ելույթը որոշ կրճատումներով։ Ամբողջական տեքստը հասանելի է այստեղ։

Համաշխարհային մրցապայքարի այս թատերաբեմում, որի մեջ ակամա հայտնվել ենք մենք, նկատի չեն առնվում կոնկրետ երկրների արտաքին ու ներքին քաղաքականության մեջ առկա` առանց այդ էլ չափազանց նուրբ յուրահատկություններն ու շահերը։

Իշխանափոխությունից հետո Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում առաջ եկած բարդությունները վկայում են, որ սկսել է գործել մշակված ռազմավարությունը։ Այժմ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը և Իրանը, ուստի այս պետությունների հետ առաջ եկած հարցերի արագ կարգավորումը այլընտրանք չունի։

Պետք է գիտակցել՝ տարածաշրջանային ներկա քաղաքական ներկապնակում, մեր կամքից անկախ, գտնվում ենք Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան և ՌԴ-ՀՀ-Իրան ռազմաքաղաքական հատման դիրքում։ Առանց որեւէ բեւեռի հանդեպ հակակեցվածք ընդունելու` պետք է ձեւավորել սեփական օրակարգը, որը չի կարող լինել միջազգային ազդեցությունների բաժանման այլոց օրակարգը, այլ պետք է լինի մեր անվտանգությունը, որը խարսխված է ՀՀ առանցքի և ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի ու դարավոր բարեկամ Իրանի հետ:
Նման պայմաններում տարածաշրջանով շահագրգիռ գերուժերի շահերի միջև հավասարակշռության պահպանման խնդրի հետ անհրաժեշտ է նաև Արցախյան հարցում ներազգային կոնսենսուսի ապահովումը, ինչը, մեղմ ասած, չի կարևորվում մեր այսօրվա իշխանությունների կողմից։

Դժվար չէ հասկանալ, որ մենք մաս ենք կազմել մի ծրագրի, որը գործադրվել է հանգրվան առ հանգրվան՝ քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, իշխանափոխություն, դեկտեմբեր 9-ի` Ազգային ժողովի ընտրություններ։

Թյուրըմբռնումներից խուսափելու համար անմիջապես անդրադառնանք, որ գարնանը տեղի ունեցած իրադարձությունները մենք համարում ենք համաժողովրդական զարթոնք, որը եկավ թոթափելու երկրում երկար տարիներ ծանրացած անարդարությունները։ Այն եկավ վճռական և վերջնական «ոչ» ասելու երկրում առկա խտրական քաղաքականությանը, սոցիալական անարդարությանը, կաշառակերությանը, անգործությանն ու աղքատությանը։ Սակայն ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհություններն ու պոռթկումը, հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչություն չունեին ժողովրդի դժգոհությունների, ցանկությունների, պահանջների հետ։

...Այժմ վտանգ կա. արտաքին քաղաքականության մեր ձախողումները, ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ
հարաբերություններում առկա, մեղմ ասած, դժվարությունները ուղղակիորեն առնչվում են մեր անվտանգությանն ու Արցախի պայքարին։ Անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները։

...Մեծ շփոթ կա, հնարավոր է նաև գիտակցաբար ստեղծվող շփոթ, որպեսզի հետզհետե ընդունելի դառնա անընդունելին: Ասածս վերաբերում է Արցախյան հարցի շուրջ բանակցություններում մեր դիրքորոշումներին։ Շրջանառության մեջ են դրվել «Տարածքներ խաղաղության դիմաց», «Տարածքներ անվտանգության դիմաց» բանաձևեր, խոսվում է, թե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է, թե Արցախում իշխանափոխություն պիտի տեղի ունենա։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրությունը, որը հաստատվել է ժողովրդական հանրաքվեով։ Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշվի նստո՞ւմ է պաշտոնական Երևանը, թե՞ ամեն ինչ նորովի պետք լինի ու քննելի։

Պարզ է՝ քննարկումն առաջին քայլն է` անընդունելին հասկանալի, իսկ հետագայում նաև ընդունելի ու նույնիսկ ցանկալի դարձնելու համար։ Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է, ու վերջ։ Մնացածը զուր ջանքեր են։

Կա ընթացք`Արցախն իբրև ինքնուրույն, միասնական ազդակ հայկական քաղաքական իրականությունից դուրս մղելու։ Ճիգ կա ապակայունացնելու Արցախի ներքաղաքական կյանքը, որի միակ նպատակն այն է, որ համահայկական կյանքում Արցախը դադարի ինքնուրույն, միասնական գործոն լինելուց։ Արցախում ևս «սև ու սպիտակ»-ի բաժանում են ուզում մտցնել: Ուզում են, որ ոչ ոք Արցախի անունից խոսելու ինքնուրույն իրավունք չունենա, իսկ խոսելու դեպքում ակամա «սև» կամ «սպիտակ» համարվի։

Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկելու։ Արցախը պետք է մնա ազգային, ինքնուրույն, վճռական հայկական հզոր ազդակ համազգային մեր կյանքում»։



 

Լրահոս

Դիտել ավելին