Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են վաղը դատարանին նոր տեսանյութեր ներկայացնել, որոնք առնչվում են Մարտի 1-ի իրադարձություններին: Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանի խոսքով՝ տեսանյութերը նախկինում չեն ներկայացվել ոչ Վերաքննիչ դատարանում ոչ էլ Վճռաբեկում:
Ներկայացվելիք տեսնյութերը վերաբերվում են Մարտի 1-ին նախորդող հանրահավաքներից որոշ դրվագներին, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ համացանցում տարածված վերջին ձայնագրությանը:
«Մեղադրանքի մեջ կա այսպիսի կարեւոր դրույթ, որ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ եւ անզեն: Դրա վրա մեղադրանքի կողմը կառուցել է բավականին լուրջ մեղադրանք՝ հիմքում դնելով այն փաստարկը, որ Մարտի 1-ին նախորդող հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ եւ անզեն: Հանգամանքներից մեկը, որ պետք է քննվի՝ արդյո՞ք այդ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ եւ անզեն:
Ի թիվս այլ հանգամանքների, մենք ուզում ենք ամենայն հստակությամբ ցույց տալ, որ այդ հանրահավաքները, մասնավորապես Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած Մարտի 1-ի հանրահավաքը չի եղել խաղաղ եւ անզեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ալումյանը: