Կարևոր իրադարձություններ

Պաշտոնակռիվ. Միրզոյանի՞, թե՞ Ավինյանի թեկնածուն կհաղթի. «168 ժամ»

15 Հունվար, 2019 08:33
Պաշտոնակռիվ. Միրզոյանի՞, թե՞ Ավինյանի թեկնածուն կհաղթի. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) տնօրենի պաշտոնը, պարզվում է, հետաքրքրում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նա է պնդել, որ «Արձագանք» խմբի  երաժիշտ Եղիշ Պետրոսյանն անպայման հայտ ներկայացնի՝  մասնակցելու ՄՀՀ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված փետրվարի 1-ի մրցույթին:  Այս մասին տեղեկացանք անցած շաբաթ 168.am-ի հրապարակմանը հետեւած  արձագանքներից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՄՀՀ-ի աշխատակազմում վստահ են՝ մրցույթը ձեւական բնույթ է կրելու, եւ հաղթելու է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանի հովանավորյալը՝ Սամվել Մելիքսեթյանը:

«Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»,- Մելիքսեթյանի մասին ասել էր մեր աղբյուրը:

Մելիքսեթյանը, ով չի թաքցրել այդ պաշտոնում իր հավակնությունների մասին, օրեր առաջ մեր հրապարակմանն արձագանքած հարցազրույցներում հաստատել է  Միրզոյանի հետ իր ընկերական կապի եւ, հետեւաբար՝ նույն կապով «Անի»  հյուրանոցի տուրիստական ավտոբուսից ՄՀՀ համալիրի տնօրենի պաշտոնում հաստատվելու մասին տեղեկությունները:

Փաստորեն, ՄՀՀ պաշտոնը լուրջ կռիվ է գցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության, կառավարության ներսում:  Կլինի՞ հանդուգն մեկ  այլ թեկնածու, թե՞ ոչ, պարզ կդառնա հայտերի ընդունման վերջնաժամկետին՝ հունվարի 25-ին: Այս փուլում շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Միրզոյանը հակված է գնալ կառուցողական զիջումների, եւ քննարկվում է երկու կողմերի համար, թերեւս, «լավագույն» տարբերակը։

Իշխանական ՔՊ կուսակցության ներսում ավելորդ տրամադրություններ չհրահրելու համար, հավանական է՝ Միրզոյանն  իր մտերիմ ընկերոջը մինչեւ փետրվարի 1-ը նշանակի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, որպեսզի Ավինյանը մրցութային հանձնաժողովով լեգալացնի իր նախընտրած թեկնածուի հաղթանակը ՄՀՀ տնօրենի պաշտոնում:

Նշենք, որ չճշտված տեղեկությունների համաձայն՝ Եղիշե Պետրոսյանին հովանավորելու Ավինյանի մտադրությունները ոչ այնքան վերջինիս երաժշտական ճաշակով կամ քաղաքական նույն հայացքներով են պայմանավորված, որքան համատեղ բիզնես շահերով: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Տ.Ավինյանն է հոգացել, որպեսզի Եղիշե Պետրոսյանը զբաղվի նաեւ կառավարական շենքերի վարչական համալիրի արտաքին ճակատի գեղարվեստական լուսավորության հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին