Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ ընտրվելու նյութերը մինչև օրվա ավարտը կուղարվեն ՀՔԾ

14 Հունվար, 2019 13:38
Պատգամավոր  Հայկ Սարգսյանի՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ ընտրվելու նյութերը մինչև օրվա ավարտը կուղարվեն ՀՔԾ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել հայտնելով, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզից պատգամավոր ընտրվել է վարչական ռեսուրսի չարաշահմամբ։

Մինչև օրվա ավարտը կամ վաղն առավոտյան չարաշահման 

 Shabat.am –ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այսօր մինչև օրվա ավարտը կամ վաղն արդեն նյութերը կուղարկեն Հատուկ քննչական ծառայություն։

Անդրադառնալով իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե ինչու ընտրությունների ավարտից անմիջապես հետո չէր բարձրաձայնում այդ խնդրի մասին, Իոաննիսյանն ասաց․ «Ինֆորմացիան բավականին դանդաղ էր գալիս, և այն ստացվեց ընտրություններից հետո և դրա ծավալը բավարար չէր բարձրաձայնելու կամ հաղորդում ներկայացնելու համար, բայց այս մի քանի օրն արդեն լրացուցիչ տեղեկություններ եղան, որոնք բավարար են իրավապահներին ներկայացնելու համար։ Եվ որպեսզի դա համալրվի քաղաքացիների կողմից տրամադրվող այլ տեղեկություններով՝ Սարգսյան Հայկի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին, դրա համար ստատուս գրեցի, հակառակ դեպքում ստատուսը չէի գրի և միանգամից կներկայացնեինք Հատուկ քննչական ծառայություն։ Ստատուս գրեցի և դրա շնորհիվ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ տվեցին և այդ տեղեկություններով համալրված հաղորդումը շուտով կգնա իրավապահներին»։

Մեր ճշտող հարցին, թե տեղեկատվությունն այնքան բավարար է, որ հնարավոր է Հայկ Սարգսյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքեր լինեն, Իոաննիսյանը պատասխանեց․ «Ըստ էության պատգամավորական մանդատից մարդ զրկվում է, երբ արդեն դատապարտվում է հանցագործության համար և սա ես կթողնեմ քննիչներին, որպեսզի նրանք պարզեն, թե ով է կոնկրետ հանցագործություն կատարողը։ Բայց ամեն դեպքում խոսքը վերաբերում է լուրջ հանցագործության  149 պրիմ հոդվածով է՝ վարչական ռեսուրսի չարաշահման և այստեղ ես իմ վրա չեմ վերցնելու քննիչների ֆունկցիան, թե ով է մեղավոր, բայց ամեն դեպքում լուրջ հանցագործություն է»։ 

Իոաննիսյանի խոսքով՝ եթե քննությամբ հիմնավորվի Հայկ Սարգսյանի մեղավորությունը և Ազգային ժողովը թույլ տա որպես մեղադրյալ ներգրավվեն  և ապագայում, եթե նաև դատարանը բավարարի այն Սարգսյանը կզրկվի պատգամավորական մանդատից։

Դիտարկմանը, թե «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է կազմում օրենսդիր մարմնում և արդյո՞ք կբավարարի դատախազության միջնորդությունը Իոաննիսյան ասաց․  «Մեր ֆունկցիան հետևյալն է՝ ձեռքի տակ եղած փաստերը փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը և հետևել, որ քննությունն անաչառ և արդյունավետ ընթանա։ Կախված է, թե իրավապահ համակարգն ինչ նյութեր կհավաքի և կհասնի նրան, որ կառավարության որոշմամբ դատախազը կգնա Ազգային ժողով և կխնդրի անձեռնմխելիությունից զրկել, բայց դա դեռևս մի քանի քայլ հետո է և դրա համար պետք է քննությամբ հիմնավորվի, որ Հայկ Սարգսյանը մեղավոր է։

Այս պահին մեր ձեռքի տակ եղած փաստերը՝ վարչական ռեսուրսի չարաշահման մասին լիարժեք են , բայց ապացույցներ կոնկրետ Հայկ Սարգսյանի մեղավորության մասով չկան։ Այսինքն՝ այն, որ վարչական ռեսուրս Հայկ Սարգսյանի համար չարաշահվել է դա մենք կարող ենք հիմնավորել, բայց, ցավոք սրտի,  մենք չունենք հիմքեր, որ դա Սարգսյանի առաջադրանքով կամ խնդրանքով է եղել»։

Ի դեպ, այս թեմային անդրադարձել էր նաև նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Հարգելի ընկերներ, ոչ անհայտ  Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր պատին գրել է, թե իրենք տեղեկատվություն ունեն, որ ես պագամավոր եմ ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով և շուտով նյութերը կուղարկեն Հատուկ քննչական ծառայություն: Միաժամանակ, էդ խեղճուկրակն իր փորած փոսը չընկնելու համար, հայտնում է՝ « Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»: 
Իր արարքին պատշաճ դիմելաձև էի մտածում, մեկ էլ հիշեցի ոչ հեռավոր անցյալում նրա հետ ուղիղ առնչություն ունենցած մեկի՝ Դանիելին բնութագրող դիպուկ ձևակերպումը:
Հուսամ, չեք մոռացել, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ նրան անմեղսունակ որակեցին, սակայն նա չփորձեց հակադարձել կամ վիճարկել: Հավանաբար, շատ փաստարկված էր բնութագիրը և նա անհեռանկար համարեց վիճարկելը: Ուստի, այսուհետ՝ ես նրան կդիմեմ այ ոչ հարգելիս կոչականով, բայց նկատի կունենամ վերոհիշյալ արտահայտուիթյունը՝ չվիճարկելով հեղինակային իրավունքը:
Եվ այսպես, այ ոչ հարգելիս, որ այդպիսի բազմաթիվ տեղեկատվություններ ունեիք, ինչու՞ էիք դրել տակներդ և չէիք հրապարակում՝ իրազեկելու հանրությանը, որ անաշխատ չլինեին ձեզ տրամադրվող գրանտները և, որ ունեք՝ ինչու՞ եք այդպիսի տեղեկություններ մուրալու կոչով դիմում: Ավելի հիմնավորը ո՞րն ա, այ ոչ հարգելիս:
Լայն տարածում ստացած արդի բառապաշարով ասած՝ այ կլասիկ զրպարտիչ, եթե իսկույն ևեթ չհրապարակես, իբրև ձեռքներիդ տակ եղած, տեղեկությունները և, խոստացածիդ համաձայն, դրանք չհանձնես Հատուկ քննչական ծառայություն, որ պատկան մարմինները դրանց գնահատական տան, ես քեզ դատի կտամ՝ ինձ զրպարտելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար:
Այ ոչ հարգելիս, չուշացնես, բաճկոնիցս վառվածներն էլ են դարակազմիկ «բացահայտմանդ» սպասում:

 

Լրահոս

Դիտել ավելին