Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի հայտարարությանը

12 Հունվար, 2019 12:14
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն սադրիչ ու հակաադրբեջանական է որակել:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:

«Ադրբեջանը միշտ բաց է ՌԴ քաղաքացիների համար: Միայն 2018թ. ՌԴ 880 000 քաղաքացի այցելել է մեր երկիր»,-ասել է Աբդուլաևան՝ հավելելով, որ նրանց կողմից տվյալ հարցի առնչությամբ որևէ բողոք չի եղել: Աբդուլաևայի խոսքով՝ այցելածների թվում եղել են նաև հայեր, և «նրանք որևէ խնդրի չեն առնչվել»:

Խոսնակը նշել է, որ Զախարովան առաջին անգամը չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող հայտարարությամբ է հանդես գալիս:

Անդրադառնալով Զախարովայի ելույթի այն հատվածին, որում նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Մենք վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը»,-նշել է խոսնակը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան:

Նա ուշագրավ էր համարել բազմաթիվ հրապարակումները, այդ թվում՝ սոցկայքերում, համաձայն որոնց ադրբեջանական իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ հիմնվելով նրանց էթնիկ ծագման վրա:

«Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա նախորդ տարի մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ, ՌԴ քաղաքացիների էթնիկ ծագումը հիմք ընդունելով, նրանց թույլ չեն տվել Ադրբեջանի տարածք մուտք գործել: Միևնույն ժամանակ ՌԴ քաղաքացիներին մի քանի ժամ սպասեցրել են օդանավակայանում, ինչից հետո բռնի կերպով հետ են ուղարկել երկրից՝ առանց պաշտոնական պատճառ նշելու»,-ասել էր Զախարովան:

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատել էր, որ նման դեպքերը, ցավոք, վատ ու սխալ ավանդույթ են դառնում: Նա ընդգծել է, որ նման դեպքերը ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմն ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը բազմիցս հրավիրել է ստեղծված իրավիճակի անընդունելիության վրա, պահանջել է դադարեցնել տվյալ պրակտիկան, քանի որ այն համատեղելի չէ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ:

«Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք վստահեցում ենք ստացել առ այն, որ իրավիճակը կշտկվի, և լիահույս ենք, որ այդպես կլինի»,-եզրափակել էր Զախարովան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին