Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման որոշման դեմ բողոքի ակցիան Էջմիածնում վերսկսվել է

11 Հունվար, 2019 14:02
Մանվել Գրիգորյանի ազատ արձակման որոշման դեմ բողոքի ակցիան Էջմիածնում վերսկսվել է

«Մանվել Գրիգորյանի ազատ արձակման որոշման դեմ բողոքի ակցիան Էջմիածնում վերսկսվել է: Պահանջը մեկն է՝ Մանվել Գրիգորյանը չպետք է լինի ազատության մեջ»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

«Այս պահին փակ է Էջիածին քաղաքը և փակված է մնալու մինչև կեսօրին ժամը 15:00-ն, իսկ դրանից հետո ավտոերթով շարժվելու ենք դեպի Երևան, որպեսզի ժամը 16:00-ին, երբ դատական նիստը սկսվի, այնտեղ լինենք: Այնտեղ արդեն տեղի կունենա հավաք՝ հստակ պահանջով, որ Մանվել Գրիգորյանը պետք է ձերբակալվի»,- ասաց Ջիվան Աբրահամյանը:

Ակտիվիստը նշեց, որ քաղաքապետարանի կողմից ոչ մի խոչընդոտներ և նկատառումներ չկան. առավոտից վերսկսված ցույցի ընթացքում խնդիրների չեն հանդիպել: Ջիվան Աբրահամյանը նշեց, որ իրենց պահանջը տանելու են մինչև վերջ՝ այնքան ժամանակ, մինչև հասնեն արդյունքի: Նա նշեց, որ իրենք Մանվել Գրիգորյանի բնակավայրի փոփոխության, այլ տեղում ապրելու և Էջմիածին քաղաքը լքելու պահանջ չունեն.

«Մանվել Գրիգորյանի բնակավայրը պետք է լինի բանտը, նա պետք է մեկ րոպե շուտ կալանավորվի»,- ընդգծեց ակտիվիստը:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը կքննի դատախազության բերած բողոքը՝ առաջին ատյանի որոշման դեմ։ Վերջինիս որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել էր 25 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին