Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Նոր Արտամետի դպրոցից կատարված գողությունը

10 Հունվար, 2019 23:04
Բացահայտվել է Նոր Արտամետի դպրոցից կատարված գողությունը

Հունվարի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում դուռը կոտրելով մուտք են գործել Նոր Արտամետ համայնքի դպրոց, այնուհետեւ կոտրելով տնօրենի աշխատասենյակի դուռը՝ գողացել են դպրոցի հաշվեկշռին գրանցված համակարգիչը, 2 հատ էլեկտրական ջեռուցիչ եւ հեռախոս: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Նշվում է, որ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցանքը կատարել են 2 անչափահաս, որոնցից մեկը ներկայացվել է ոստիկանության բաժին եւ խոստովանել, որ հունվարի 8-ին ժամը 22-ի սահմաններում, նրանք Նոր Արտամետ գյուղի դպրոցից կատարել են գողություն, միաժամանակ հայտնել է, որ հունվարի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, գողություն են կատարել նաեւ Նոր Արտամետ գյուղի բուժամբուլատորիայից:

Դեպքի վայրի զննությամբ Նոր Արտամետ գյուղի դպրոցի հետնամասում առկա այգեգործական նշանակության հողատարածքի վերջնամասից հայտնաբերվել եւ վերցվել են դպրոցից հափշտակված համակարգիչը, էլեկտրական ջեռուցիչը, հեռախոսը, իսկ անչափահասներից մեկը ներկայացրել է բուժամբուլատորիայից գողացված էլեկտրական սարքավորումների մարտկոցները:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը բաժին է ներկայացել նաեւ մյուս անչափահասը ու տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին