Կարևոր իրադարձություններ

ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ

10 Հունվար, 2019 17:25
ԿԳՆ-ն մշակել է ուսուցչի վարքի կանոններ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքի կանոններ, որոնք առայժմ նախագծի մակարդակում են: Բավական ծավալուն այս փաստաթղթի նպատակն է մասնավորապես «սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները, նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական համակազմի հետ, նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն»:

Նախագծում կետ առ կետ ամրագրվում է, թե ինչ պետք է անի եւ ինչ չպետք է անի ուսուցիչը: Օրինակ՝

  • Ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին, բարձր պահի մանկավարժի մասնագիտության վարկանիշը եւ մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։
  • Պետք է պահանջկոտ լինի սեփական անձի նկատմամբ, լինի բարեխիղճ ու պարտաճանաչ, շարունակ ձգտի ինքնակատարելագործման, իր գործունեությամբ լինի դրական օրինակ աշակերտների համար։
  • Պետք է հետեւողականորեն զբաղվի ինքնակրթությամբ, աշխատի իր որակավորման բարձրացման ուղղությամբ եւ որոնի աշխատանքի ավելի արդյունավետ մեթոդներ։
  • Ուսուցիչը պետք է լինի ազնիվ եւ օրինապահ քաղաքացի։ Նրա համար պետք է անթույլատրելի լինի կոռուպցիան եւ պետք է զերծ մնա ինչպես կաշառք վերցնելուց, այնպես էլ որեւէ մեկին կաշառք տալուց։
  • Ուսուցիչը պետք է ունենա լեզվական բարձր մշակույթ, բացառի այլոց ինքնասիրությունն ու մարդկային արժանապատվությունը վիրավորող բառերի եւ արտահայտությունների կամ ժեստերի գործածությունը, զերծ մնա գռեհկաբանությունից եւ ժարգոնից:
  • Ուսուցիչը պետք է հետեւի իր արտաքին տեսքին եւ հագուստին՝ նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ եւ ձեւ։

Նախագծի՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններին վերաբերող բաժնում ամրագրվում է, որ.

  • Ուսուցիչն աշակերտների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա։ Նա պետք է հարգի աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային եւ անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ծնողների ունեցվածքի, հասարակական դիրքի կամ որեւէ այլ կարգավիճակի հետ կապված հանգամանքից։
  • Ուսուցիչը պետք է նպաստի սովորողների մեջ դրական անձնային հատկանիշների եւ միջանձնային որակների զարգացմանը, այդ թվում՝ ինքնուրույնության, ինքնավերահսկման, ինքնակրթության, համագործակցելու եւ ուրիշներին օգնելու պատրաստակամությանը եւ այլն։
  • Ուսուցիչը պետք է հարգի իր սովորողների մտքի, խղճի եւ դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն դարձնի նրանց արտահայտած կարծիքներին ու հայացքներին եւ նրանց չպարտադրի իր սեփական հայացքները, դասընկերների ներկայությամբ չհասցնի անձնական վիրավորանքներ կամ մատնանշի նրա անձնային բացասական կողմերը:
  • Ուսուցիչը պարտավոր է գաղտնի պահել սովորողի մասնավոր կյանքի անձեռնմխելիությանն առնչվող տեղեկությունը, ինչպես նաեւ նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկությունը ուսուցիչը կարող է օգտագործել բացառապես ի շահ սովորողի:
  • Ուսուցիչը պետք է մեկնաբանի իր նշանակած գնահատականները, իսկ սխալ գնահատում հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես ուղղի գնահատականը:

Մանկավարժի վարքականոնի նախագծում նաեւ ամրագրվում է.

  • Ուսուցչի կողմից իր սովորողին վճարովի կրթական ծառայությունների մատուցումն արգելվում է:

Սրա նպատակը, թերեւս, պետք է լինի կրկնուսույցների դերակատարումը արհեստականորեն մեծացնելու դեմ պայքարը: Այսինքն՝ եթե մինչեւ այժմ ուսուցիչը կարող էր շահագրգռված լինել, որ աշակերտը հետ մնա ծրագրից, թերի գիտելիքներ ունենա եւ անհրաժեշտություն զգա իր մոտ պարապելով լրացնել բացը, ապա նշված դրույթը, փաստորեն կանխարգելելու է այդ երեւույթը: Ավելին, այս դեպքում ուսուցչի մասնագիտական պատվախնդրությունը ստիպելու է նրան հնարավորինս լավ աշխատել, որպեսզի իր աշակերտը մեկ այլ կրկնուսույցի մոտ լրացուցիչ պարապելու կարիք չունենա, ինչից էլ շահելու են սովորողն ու կրթության որակը: Այսուհանդերձ, ԿԳ նախարարությունը հարկ է համարել նախագծում ավելացնել նաեւ հետեւյալ դրույթը. «Ուսուցիչը չպետք է դիտավորությամբ իջեցնի իր դասավանդման որակը, որպեսզի սովորողին դրդի դասերից դուրս, մասնավոր հիմունքներով իր կամ մեկ այլ ուսուցչի մոտ պարապելու, քանի որ դա անուղղակի կոռուպցիա է եւ մասնագիտական պարտականությունների կատարման դիտավորյալ թերացում»:

Մանկավարժի վարքականոնի նախագիծը նաեւ կարգավորում է ուսուցիչների եւ մանկավարժական կոլեկտիվի հարաբերությունները: Դրանում մասնավորապես ասվում է.

  • Ուսուցիչները պետք է ձգտեն միմյանց հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգեն եւ օգնեն իրար, կարեւորեն միմյանց եւ ուսումնական հաստատության շահը։ Ուսուցիչներին պետք է միավորի փոխադարձ վստահությունը, թիմային համերաշխությունը, միմյանց աջակցելու ազնիվ մղումն ու պատրաստակամությունը։
  • Ուսուցիչը պարտավոր է պաշտպանելու ոչ միայն իր, այլեւ գործընկերոջ հեղինակությունը։ Սովորողների կամ այլ անձանց ներկայությամբ նա չպետք է նսեմացնի գործընկերներին։
  • Գործընկերների եւ ղեկավարության աշխատանքային գործունեության գնահատումը ուսուցչի իրավունքն ու պարտականությունն է, ուստի արգելվում է քննադատության համար ուսուցչի հետապնդումը։ Քննադատությունը պետք է լինի ներքին, այսինքն՝ արտահայտվի ուսումնական հաստատության ներսում եւ ոչ թե դրա սահմաններից դուրս։ Այն պետք է արտահայտվի դեմ առ դեմ: Բամբասանքն անհանդուրժելի է դպրոցում կամ ուսումնական այլ հաստատությունում։
  • Ուսուցիչները չպետք է թաքցնեն գործընկերների գործած սխալները, պետք է օգնեն ուղղել դրանք։
  • Ուսուցիչն ունի խրախուսվելու իրավունք։ Մասնագիտական գործունեության ոլորտում նրա անձնական ձեռքբերումները չպետք է մնան ստվերում։

Ինչ վերաբերում է ծնողական համայնքի հետ ուսուցչի փոխհարաբերություններին, ապա, ըստ էթիկայի կանոնների նախագծի՝

  • Ուսուցիչը պետք է հարգալից եւ բարեկամաբար վերաբերվի աշակերտների ծնողներին, նրանց ընդունի որպես գործընկեր եւ աջակից։
  • Պետք է աշակերտների ծնողներին պարբերաբար տեղեկություն տրամադրի նրանց երեխաների ուսումնառության վերաբերյալ, ինչպես նաեւ խորհրդատվություն՝ նրանց կրթական կարիքների առնչությամբ։
  • Ուսուցիչը չպետք է հրապարակի ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների՝ միմյանց մասին իրեն վստահած կարծիքներն ու դիտարկումները։
  • Ծնողների հետ ուսուցչի հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է ներազդեն աշակերտների գնահատականի կամ կրթական այս կամ այն ծրագրերում նրանց ներառելու հանգամանքի վրա։

Վարքականոնի նախագիծը նաեւ սահմանում է, որ ուսուցիչը չպետք է որեւէ կերպ ակնարկի նվեր ստանալու ցանկության մասին, ուղղակի ցանկություն հայտնի կամ համաձայնության գա այլ ուսուցիչների հետ՝ սովորողների կամ նրանց ծնողների միջոցով իրեն նվերներ մատուցելու հարցում: «Ուսումնական հաստատության տնօրենը կամ ուսուցիչը սովորողների ծնողների կամ այլ անձանց կողմից կարող են ընդունել ուսումնական հաստատությանը ցույց տրված ցանկացած անշահախնդիր օգնություն, սակայն դա պետք է անել պատշաճ ընթացակարգով: Հասարակությունը պետք է տեղեկացվի նման օգնության տրամադրման մասին, իսկ օգնություն տրամադրողներին պետք է շնորհակալություն հայտնել հրապարակավ: Օգնության կարգով տրամադրված միջոցները պետք է սահմանված կարգով հաշվառվեն եւ օգտագործվեն բացառապես կրթական նպատակներով»,- նաեւ նշվում է նախագծում:

Փաստաթուղթը նախատեսում է, որ ուսումնական հաստատություններում պետք է գործի էթիկայի հանձնախումբ, որի կազմում կարող է լինել 7-11 ուսուցիչ: Հանձնախումբը կգործի երկու տարի ժամկետով՝ հասարակական հիմունքներով: Հրավիրված նիստերում քննության է առնվելու իրեն ուղղված այնպիսի հարցեր, որոնք կվերաբերեն տվյալ հաստատությունում աշխատող ուսուցչի կամ մանկավարժական այլ աշխատողի՝ սույն փաստաթղթի դրույթների շրջանակներում մեկնաբանվող վարքագծին կամ գործելակերպին:

Հանձնախմբի քննարկմանը կարող են հարցեր ներկայացնել տվյալ ուսումնական հաստատության խորհրդի անդամները, ուսուցիչները, մանկավարժական այլ աշխատողները, սովորողների ծնողները՝ գրավոր դիմումով կամ նամակով: Էթիկայի հանձնախումբը կարող է քննել նաեւ զանգվածային լրատվամիջոցներում արտացոլված համապատասխան հաղորդումներն ու թղթակցությունները։

Քննարկվող հարցերի վերաբերյալ հանձնախմբի որոշումը կարող է պարունակել խրախուսող կամ պարսավող գնահատական: Ուսումնական մեկ տարվա ընթացքում նույն անձի մասին երկուսից ավելի անգամ պարսավող գնահատականով որոշումների առկայությունը էթիկայի հանձնախմբին հիմք է տալիս ներկայացնելու առաջարկություն՝ տվյալ անձի նկատմամբ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին