Կարևոր իրադարձություններ

Նոր ԱԺ-ն չի լինելու պարզապես օրենքներ ընդունող մարմին. Ռուբեն Ռուբինյան

10 Հունվար, 2019 17:13
Նոր ԱԺ-ն չի լինելու պարզապես օրենքներ ընդունող մարմին. Ռուբեն Ռուբինյան

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը չի լինելու պարզապես օրենքներ ընդունող կամ չընդունող մարմին, իսկ երիտասարդ պատգամավորներով համալրվելը միայն դրական երևույթ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Այս գումարման ԱԺ-ն չի լինելու պարզապես կառավարությունից բերված օրենքներ դատող մարմին: Ունեմ պատկերացումներ, թե ինչպես է աշխատելու, սակայն այժմ դրանց մասին չեմ խոսի: Ես չեմ կարծում, թե ԱԺ-ի՝ երիտասարդներով համալրվելու փաստը մտահոգության առիթ է, հակառակը՝ կարծում եմ, որ դա դրական փոփոխություն է: Տարիներ շարունակ խոսվել է քաղաքական սերնդափոխության մասին, և վերջապես դա տեղի է ունեցել»,-ասաց Ռուբինյանը:

Նա նշեց, որ նոր ԱԺ-ում լինելու են նաև բազմաթիվ փորձառու անձինք, և կարծում է, որ երիտասարդների և փորձառուների այս համադրությունը շատ լավ հնարավորություն է ստեղծում որակյալ և արդյունավետ օրենսդիր մարմին ունենալու համար։

Նորընտիր պատգամավորը նկատեց, որ ցանկացած պետական աշխատանք թե գործադիրում, թե օրենսդիրում բարդ է, սակայն ինքը պատրաստ է դրան:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին