Կարևոր իրադարձություններ

Զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետև կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ

09 Հունվար, 2019 18:02
Զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետև կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Հայտնում ենք, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:Քաղաքացիներին կոչ ենք անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով  հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող  «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն: Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից: Փաստի կապակցությամբ 08.01.2019թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, պարզել է միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը։ Անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Միջադեպից կարճ ժամանակ անց, ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։ Ավելի ուշ ռազմական ոստիկանություն է ներկայացել նաև միջադեպի մեկ այլ մասնակից՝ Մերուժան Ոսկանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին