Կարևոր իրադարձություններ

«Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը էժանացել է

09 Հունվար, 2019 13:19
«Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը էժանացել է

Հանրապետության բենզալցակայանների մեծ մասում երեկ երեկոյան «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը 400-410 դրամ է : Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բենզինը Հայաստանում էժանացել է մոտ 10 տոկոսով:

2018 թվականի ողջ տարվա ընթացքում «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը հանրապետության բենզալցակայաններում 440-450 դրամ էր: Բենզինը սկսեց էժանանալ դեկտեմբերի սկզբից: Թե ինչով է սա պայմանավորված՝ պաշտոնական որևէ բացատրություն դեռ չի հնչել: Shabat.am-ը  պաշտոնական հարցմում է ուղարկել Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Հանձնաժողովին:

Հարց.  Ինչի՞ հետ է կապված «Ռեգուլյար» տեսակի բենզինի գնի էժանացումը: 

Ի պատասխան հարցմանը  ՀՀՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն պատասխանել է.

«Հաշվի առնելով այն, որ բենզինի շուկան համարվում է բարձր կենտրոնացվածություն ունեցող, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն է իրականացնում այս շուկայում: Իրավիճակի վերահսկման նպատակով Հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի մանրածախ բենզալցակայաններում, ինչպես նաև պարբերաբար տվյալներ է ստանում բենզինի ներմուծումների և իրացումների վերաբերյալ:

Առկա տվյալները ցույց են տալիս, որ 2018 թվականին բենզինի շուկայում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, եթե 2017 թվականին բենզինի ներմուծմամբ զբաղվել է 4 տնտեսվարող, ապա 2018 թվականին ներմուծողների թիվը ավելացել է ևս մեկով: Նոր տնտեսվարողների ի հայտ գալու հետևանքով ոլորտում գերիշխող դիրք ունեցող 2 ընկերությունները` «Ֆլեշ» ՍՊԸ և «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, որոշ չափով կորցրել են իրենց մասնաբաժինը շուկայում և եթե 2017 թվականին 2 ընկերությունները միասին զբաղեցնում էին շուկայի շուրջ 92 տոկոսը, ապա 2018-ին նրանց մասնաբաժինը կազմել է 89 տոկոս:

Ինչ վերաբերում է ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գների փոփոխություններին, ապա նշենք, որ 2018 թվականին վերջին նկատվել է բենզինի մանրածախ գների շարունակական նվազում՝ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 450 դրամից աստիճանաբար նվազել է՝ 2019 թվականի հունվարի 8-ի դրությամբ կազմելով 400 դրամ:

Հանձնաժողովը ներկայումս համապատասխան տեղեկատվություն է պահանջել տնտեսվարողներից՝ բենզինի գնի նվազման պատճառները պարզելու համար: Ամբողջական տեղեկատվությունը ստանալուց և համապատասխան վերլուծություն իրականացնելուց հետո Հանձնաժողովը արդյունքները կներկայացնի հանրությանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին