Ոչ մի երկիր թույլ չի տա, որ մեկ ուրիշը խախտի իր օդային սահմանը, այն էլ ռազմական օդանավերով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ալի Քեմալ Այդինը՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման թեմայով կոնֆերանսին:
«Մենք չենք չափազանցնում ռուսական ինքնաթիռների՝ Թուրքիայի օդային սահմանը խախտելու հարցը: Հոկտեմբերի 3-ից մինչև 10-ը ռուսական ինքնաթիռները երկու անգամ խախտել են մեր օդային տարածքը, երեք ինքնաթիռ կատարել է վտանգավոր մանևրումներ, այս ժամանակահատվածում թուրք-սիրիական սահմանին արձանագրվել է նաև ռուսական և թուրքական ինքնաթիռների վտանգավոր մոտեցման 13 դեպք»,- մանրամասնել է պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի: