Կարևոր իրադարձություններ

Քոչարյանին կալանավորելու վերաքննիչ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան

26 Դեկտեմբեր, 2018 13:22
Քոչարյանին կալանավորելու վերաքննիչ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործող մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան: 

Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից: Նշվում է, որ վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած: Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը:

Նաև բարձրացվել են որոշ հարցեր, որոնց մասով անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը իրավունքի զարգացման համար: Նշենք նաև, որ պաշտպանական թիմն առաջիկայում պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին